fbpx
Խորհրդարան
12:50 03/12/2019

Տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի հետ կապ չունի․ Ծառուկյանը՝ Խաչատուր Սուքիասյանի հայտարարության մասին

Կոռուպցիան հիմնականում բյուջեի հետ է կապված: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նրան, որ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ կռուպցիայի վերացումն արդեն տնտեսական հեղափոխություն է:

«Տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի: Կոռուպցիան հիմնականում բյուջեի հետ կապված, տենդերներին մասնակցել-չմասնակցել, իսկ տնտեսական հեղափոխությունը ոլորտների զարգացումն է, որ պետք է ոլորտներում գումար դնես, զարգանա, որ մարդիկ կարողանան փող ստանալ»,-ասաց Ծառուկյանը:

Նա նաև հիշեցրեց, որ բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը չեն արվում։

«Այս տարվա բյուջեում 400 մլն դոլար դրված էր կապիտալ ծախսեր, որ պետք է դնեին ոլորտներ զարգացնեին, 5-10 տոկոս աճ լիներ, բանկում դրած է տոկոսներով: Դրսից վարկ են բերում, իսկ էստող փողը դրած է բանկում: Կապիտալ ծախսեր չեն արել, տարել դրել են բանկում, էդպես ո՞նց կարա տնտեսական հեղափոխություն լինել»:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 2-ին, այն հարցին՝ արդյո՞ք Հայաստանում տնտեսական հեղափոխությունը թափ է առնում, Սուքիասյանը պատասխանել էր, որ եթե Հայաստանում կոռուպցիան վերացած է, հավասար պայմաններ են, եթե հակամենաշնորհային գործիքները գործում են, դա արդեն հեղափոխություն է։

Գագիկ Ծառուկյանը անդրադարձավ նաև հարցին, թե իշխանություններն իր առջև երբևէ պայման դրե՞լ են իր հանդեպ լավ վերաբերմունքի համար ինչ-որ գործողություններ կատարել: «Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը, դիրքը՝ այդպիսի բան ո´չ ինչ-որ մեկը ռիսկ է արել ինձ ասել, ո´չ էլ կարող է: Ես մնացածի նման չեմ, այդպիսի բան չի կարող լինել: Ծառուկյանն ինչ մտածում է, ասում է, ոչ թե մտածում ա՝ վայ, հանկարծ իմ հետևից կընկնեն, էս կանեն, էն կանեն»,-ասաց Ծառուկյանը՝ նշելով, թե ինքը հաշվի չի առնում՝ ով որ կուսակցությունից է, իր ցանկությունը ժողովրդի, պետության համար լավ բան անելն է:

Հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ են գործարարները միշտ ձգտում մոտ լինել իշխանությունների հետ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն արձագանքեց՝ որ գործերը լավ լինեն:

«Ասա՝ այսօր, բացի Ծառուկյանից, ո՞ւմ են ստուգում: Ցանկացած օբյեկտ նայեք: Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա նորից դրել են, ես էլ ասում եմ՝ ստուգեք, չեմ ասում՝ մի ստուգեք, բայց ստուգելուն ձև կա, չափ կա: Այս երկրում միայն Ծառուկյա՞նն է սեփականատեր, հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, մենակ էլի Ծառուկյանի՞ն պիտի ստուգեն. ստուգում են, թող ստուգեն»,-նշեց նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ