Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի ներկայացմամբ: Նախագծով նախատեսվում է «օրենսդրությամբ» բառը փոխարինել «ՀՀ կառավարության կողմից» բառերով, որով առաջարկվում է կառավարության որոշմամբ կանոնակարգել հարկային գաղտնիք պարունակող տեղեկությունների ու դրանք օգտագործող իրավասություն ունեցող անձանց տնօրինման կարգը:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաև «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը տեղեկացրել է, որ գործադիրն առաջարկում է հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև էլեկտրական շարծիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը: Սա օդի աղտոտվածությունը նվազեցնելուն միտված միջոցառումների շարքից է:
Անդրադառնալով էլեկտրոմոբիլների շուկայի զարգացմանը և լիցքավորման կայանների հետ կապված հարցադրումներին՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ գործադիրը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ դրամաշնորհի շրջանակում դիմել է՝ Հայաստանում էլեկտրոմոբիլների քաղաքականություն մշակելու համար. նախատեսվում է կարողությունների ամրապնդում և կառավարության համար էլեկտրական շարժիչով մեքենաների գնում: Իրինա Ղափլանյանն ընդգծել է, որ աշխարհն այս ոլորտում հաջողություններ է գրանցել, իսկ մեր երկիրը զգալի հետ է այս առումով: Նրա խոսքով` առաջիկա 1-2 տարում Հայաստանն ունենալու է և մշակված քաղաքականություն, և ենթակառուցվածքների ստեղծման ճանապարհային քարտեզ, և հայեցակարգ: Նշվել է, որ արդեն կայաններ կան Երեւանում և մարզերում, այս տարի իրականացվելիք ծրագրով տեղադրվելու է 23 լիցքավորման կայան:
«Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը: Նախատեսվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018 թ. օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150.3-րդ հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու համար նախատեսված տուգանքի գումարը կամ դրա վճարված մասը վճարելու պարտավորությունից: Առաջարկվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թ. հունվարի մեկը «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.5 և 15.6 կետերով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձանց ազատել պետտուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից, եթե օրենքը ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մարվի պետական տուրքի մայր գումարը:
Փոխնախարարը, հստակեցնելով դրույթները, նշել է, որ 2018 թ. մարտի 15-ից մինչև ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում տրանսպորտի տեսչության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում կիրառված տույժ-տուգանքները հանվում են, եթե վճարվում է մայր գումարը:
ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է Հայաստանի տարածքում տոհմային անասնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների կողմից Հայաստանում աճեցված տոհմային անասունների իրացումն ազատել ԱԱՀ-ից:
Պատգամավորը տեղեկացրել է, որ գործադիրն ընդհանուր առմամբ կողմ է, բայց առաջարկում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը սահմանել միայն Հայաստանում աճեցված տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունների օտարման գործարքների մասով, եթե դրանք օտարվում են անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց:
Օրենսդիրներն իրենց ելույթներում կարեւորել են պետության կողմից տեղական արտադրողների մրցունակության բարձրացմանը միտված քայլերը, առաջարկել որպես միջանկյալ լուծում ԱԱՀ-ից ազատման ժամկետ սահմանել, խոսել ԱԱՀ-ից ազատման նպատակահարմարության, սպառման ծավալների վրա դրա ունեցած ազդեցության մասին և այլ հարցերի շուրջ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ նախագծի ընդունումը ողջունելի է իրենց նախարարության կողմից:
Եզրափակիչ ելույթում Վարազդատ Կարապետյանն առաջարկել է ԱԱՀ-ից ազատման արտոնությունը սահմանել ՀՀ-ում աճեցված տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունների օտարման գործարքների վրա:
«Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկման է ներկայացրել ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Նշվել է, որ աշխատանքային ձեւաչափով քննարկումների ընթացքում հնչած առաջարկների մեծ մասն ընդունվել է:
Լրամշակված նախագծով նախատեսված առաջարկներով յուրաքանչյուր հեռուստաալիքով վիճակախաղի կազմակերպչի գովազդը, հովանավորների հիշատակումը թույլատրվելու է ժամը 22:00-ից մինչև 07:00-ն: Բացառություն են սպորտային միջոցառառումների հեռարձակումները, որոնց ժամանակ գովազդ թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ անգամ յուրաքանչյուր հաղորդումից հետո և միայն հովանավոր կազմակերպության անվան հիշատակմամբ: Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի հեռարձակման ժամերը կլինեն կրկին 22:00-ից մինչև 07:00:
«Պետություն-մասնավոր գործընկերության մասին», «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նախագծի ընդունման նպատակն է Հայաստանում հաջողակ ՊՄԳ ծրագրի ստեղծման, խթանման և պահպանման նպատակով անհրաժեշտ օրենսդրական ու ինստիտուցիոնալ հիմքերի սահմանումը և ՊՄԳ միջազգային լավագույն փորձի ներդրման խրախուսումը, որը կնպաստի պետություն-մասնավոր գործընկերությունը որակական նոր հարթություն տեղափոխելուն, ներդրումային ակտիվության բարձրացմանը, կայուն տնտեսական զարգացման ապահովմանը: Առաջարկվող իրավական ակտով կարգավորվում են պետություն-մասնավոր գործընկերության իրականացման ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը և կիրառելի սկզբունքները:
Բաբկեն Թունյանը հորդորել է գործընկերներին բոլոր հարցերի առնչությամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացնել առաջարկներ:
Քննարկված հարցերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:
«ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի «Անշարժ գույքի արտոնությունները» 230-րդ հոդվածը լրացնել նոր՝ 17-րդ կետով, որով գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) առնվազն 50 % վնասվելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք բնակլիմայական աղետի տարվա համար կունենան անշարժ գույքի հարկի արտոնություն:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ գործադիրն առաջարկում է ձեռնպահ մնալ փոփոխությունից: Նրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ կխեղաթյուրվի գույքային հարկի տրամաբանությունը, պետական բյուջեն կրկնակի կծանրաբեռնվի, ընդունմամբ կհակադրվենք Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ ամրագրված՝ համայնքների հնարավորինս անկախ և կայացած լինելու սկզբունքին:
Հանձնաժողովը քննարկումների արդյունքում դրական եզրակացություն չի ներկայացրել հարցի առնչությամբ:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը կառավարությունը հետ է վերցրել: