Կառավարության հուլիսի 11-ի նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձավ վերջին օրերին արդիական՝ ՃՏՊ-ներից խուսափելու հնարավորությունների ստեղծման հարցին, տվյալներ ներկայացրեց վերջին ողբերգական վթարներից տուժած անձանց առողջական վիճակի մասին: Թորոսյանը նախ՝ առաջարկեց Հայաստանից Վրաստան ուղևորվող մեքենաների գերբեռնվածությունը ստուգել, ապա ևս մեկ առաջարկով հանդես եկավ:
«Ուզում եմ առաջարկ անել, թեպետ մեր մասնագիտական ոլորտը չէ, բայց շատ եմ լսում՝ պարտադիր դարձնել գազաբալոնային համակարգերի ավտոմատ անջատման տեղադրումը բոլոր մեքենաների վրա՝ հաշվի առնելով, որ մեքենաների մեծ մասը գազով են երթևեկում: Մենք հենց դրա պատճառով ունենք զոհերի մեծ քանակ, քանի որ արագ այրվել են, նրանց չեն հասցրել տարհանել, նույնիսկ օգնություն ցուցաբերելն է դժվար եղել»,- ասաց նա: