fbpx
Առողջապահություն

Արսեն Թորոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերիին և ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ղեկավար Աստղիկ Գրիգորյանին, հայտնում են ՀՀ ԱՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է կորոնավիրուսային հիվանդության ներկայիս իրավիճակը, առողջապահության նախարարության կողմից վարվող ռազմավարությունը և համագործակցության արդյունքում սպասվող անելիքները:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել երկարամյա համագործակցության համար, ներկայացրել Հայաստանում տարվող առողջապահական քաղաքականության մանրամասները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ առողջապահության նախարարի կարծիքով` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առիթ է մարզերում բուժհաստատությունների վիճակի բարելավման և բուժաշխատողների հետ վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Լին Թրեյսին դրական է գնահատել կառավարության` հանրության հետ երկխոսությունը, կարևորել տեղեկատվության թափանցիկությունը հանրային վստահություն ձևավորելու հարցում:

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին կորոնավիրուսի հաղթահարման հարցում` շեշտելով, որ առողջապահական համակարգի կարիքներն առաջնային են:

Նշվում է նաև, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին հատկացրել է աջակցություն ՄԱԿ-ի գործակալությունների միջոցով անհրաժեշտ ՊՇՌ թեստեր, սարքեր, անհատական պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու նպատակով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ