Թող գեներալը այդքան համարձակություն ունենա, հարգի սպայի պատիվը, վերադառնա հայրենիք։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ մեկնաբանելով ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հայտարարությունը։
«Թող գեներալը այդքան համարձակություն ունենա, հարգի սպայի պատիվը, վերադառնա հայրենիք, պատասխանի առաջադրված մեղադրանքներին պատվով, հետո նոր հայտարարություն տարածի»,-նշեց պատգամավորը։
Մեր այն հարցին, թե որքանով է պատահական, որ համընկել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնության՝ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունումը և ԱԱԾ պետի և ՀՀ ոստիկանապետի պաշտոնանկությունները, Պողոսյանը պատասխանեց, որ այդ հարցը պետք է «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն ուղղել՝ հավելելով․ «Ես համարում եմ հաճելի զուգադիպություն»։
- Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ․ Արթուր Վանեցյան
- Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերիյ Օսիպյան
Նշենք, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական պաշտոն և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար ևս սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է սեպտեմբերի 16-ին:
Հասմիկ Ռաֆայելյան