ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել այն բանաձևին, որն օրենսդիր մարմնի վերին պալատին թույլ կտա նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործընթացն իրականացնել արագացված ռեժիմով:
Ձայները բաշխվել են կուսակցական պատկանելիությանը խիստ համապատասխան՝ 53 հանրապետական կողմ է արտահայտվել, 47 դեմոկրատ՝ դեմ:
Իմպիչմենթի քննության ժամկետն ու հաջորդականությունը կանոնակարգող նախաձեռնության հեղինակը Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելն է (Քենթուքիի նահանգ): Նա հայտարարել է, որ տրամադրված է ինփիչմենթի ընթացակարգը շուտափույթ ավարտելուն, որը կբերի Թրամփի արդարացման:
Ենթադրվում է, որ Սենատում այդ գործընթացը՝ գործնականում կանխորոշված վերջաբանով, կշարունակվի մոտավորապես երկու շաբաթ: Առաջարկը հարուցել է դեմոկրատների խիստ քննադատությունը։