Gallup սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հետազոտության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի աշխատանքին հավանության ցուցանիշն ամենաբարձր՝ 46 տոկոսի մակարդակին հասել նրա ողջ նախագահության ընթացքում: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:
Սոցիոլոգները Թրամփի ժողովրդականության աճը բացատրում են ՀՆԱ-ի՝ սպասվածից ավելի բարձր աճի տեմպերով և երկրում աշխատատեղերի քանակի ավելացմամբ, ինչպես նաև հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից 2016 թվականի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանին վերագրվող միջամտության ապարդյուն ավարտված հետաքննության արդյունքներով: Հետազոտության հեղինակները նշել են, որ Թրամփին հաջողվել է ընդամենը մի քանի ամսվա ընթացքում դեմոկրատների կողմից իրեն աջակցության մակարդակը ռեկորդային նվազագույն 4 տոկոսից բարձրացնել մինչև 12 տոկոս:
Իսկ Հանրապետական կուսակցության կողմնակիցների կողմից նրա աշխատանքի հավանության ցուցանիշը անցյալ տարվա վերջից գերազանցում է 90 տոկոսը: Դրա հետ մեկտեղ պետության ղեկավարի պաշտոնում Թրամփի գործողություններից դժգոհության մակարդակը կազմել է 50 տոկոս: Ապրիլի սկզբին Թրամփի գործունեության հավանության մակարդակն աճել էր 6 տոկոսով՝ 39 տոկոսից մինչև 45 տոկոս:
Ավելի վաղ Թրամփի աջակցության այսչափ բարձր ցուցանիշներ (45 տոկոս) են գրանցվել 2017 թվականի հունվարին նախագահի պաշտոնում նրա գտնվելու առաջին շաբաթում, եւ 2018 թվականի հունիսին՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ նրա առաջին հանդիպումից հետո: Հետազոտությանը, որը անցկացվել է հեռախոսի միջոցով՝ ապրիլի 17-ից մինչեւ 30-ը, մասնակցել են 18-ից բարձր տարիքի շուրջ 1024 ամերիկացիներ: