ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրականությանը չհամապատասխանող է համարել այն տեղեկությունը, թե ինքը պատրաստ է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց որևէ նախապայմանի: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է թվիթերյան իր էջում:
«Ստախոս ԶԼՄ-ներն ասում են, որ ես պատրաստ եմ Իրանի հետ հանդիպել «առանց նախապայմանների»:
Դա ոչ ճիշտ պնդում է»,- հայտարարել է նա:
Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահը հնարավոր էր համարել սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճերի շրջանակում:
Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել էր, որ Թրամփը պատրաստ է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց նախապայմանների, բայց պաշտպանում է Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ուղեգիծը:
Իր հերթին ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նրա պաշտոնակից Հասան Ռուհանիի հանդիպումն առայժմ բացառված չէ, չնայած անօդաչուների կողմից Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների ռմբակոծման հետ կապված միջադեպին: