ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Մեքսիկայից մինչև կոկորդը կուշտ է: Թրամփի խոսքով՝ Մեքսիկան ծաղրում է ԱՄՆ-ին՝ չկանգնեցնելով Կենտրոնական Ամերիկայի երկրներից միգրանտների հոսքը, որոնք հյուսիս են ուղևորվում՝ ԱՄՆ-ում ապաստան ստանալու հույսով։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Թրամփը, որը սպառնում է մեքսիկական ապրանքների համար 5-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել, եթե Մեխիկոն միգրանտներին չկանգնեցնի դեպի ԱՄՆ ճանապարհին, իր հարավային հարևանին մեղադրում է վերցնելու, բայց երբեք չտալու մեջ: «Տասնամյակներ շարունակ այսպես է եղել»,- հավելել է նա:
«Նա կա՛մ կկասեցնի մեր երկիր թմրադիլերների, կարտելների, մարդկանց վաճառողների, խարդախների և ապօրինի ներգաղթյալների ներխուժումը, ինչը կարող է անչափ հեշտ անել, կա՛մ մեր բազմաթիվ ընկերությունները և աշխատատեղերը, որոնց հիմարաբար թույլ ենք տվել տեղափոխվել սահմանի հարավային կողմ, հարկման (մաքսատուրքերի) միջոցով կվերադարձվեն Միացյալ Նահանգներ»,- ասել է նա:
Մեքսիկայի վրա Թրամփի հարձակումներից մեկ օր առաջ այս երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ենթադրություն էր հայտնել, որ իր երկիրը կարող է միգրացիան սանձելու փորձ կատարել: Նրա խոսքով՝ ինքը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է մաքսատուրքերի սահմանման սպառնալիքը քննարկել հունիսի 10-ից՝ որպես Կենտրոնական Ամերիկայի երկրներից ապօրինի միգրացիայի դեմ պայքարի միջոց:
«ԱՄՆ կառավարության պաշտոնյաները երկխոսություն հաստատելու և համաձանության ու փոխզիջումների հասնելու պատրաստակամություն են հայտնել»,- ասել էր Մեքսիկայի նախագահը: