ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանակնում է 200 հոգանոց ամերիկյան զորակազմ թողնել Սիրիայի արևելքում։ Այս մասին գրում է The New York Times թերթը՝ հղում անելով իր աղբյոըրներին։
Ինչպես փոխանցում են պարբերականի աղբյուրները, հնարավոր է, որ խոսքը հատուկ նշանակության զորքերի մասին է։ Նրանք մասնակցելու են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, ինչպես նաև արգելափակելու են ռուսական ուժերի և սիրիական կառավարության կազմավորումների առաջխաղացումը դեպի նավթաբեր շրջաններ: Հրապարակման մեջ նշվում է, որ ամերիկացի զինվորականները կօգնեն քրդերին պահպանել վերահսկողությունը այդ շրջանների նկատմամբ:
Ըստ հոդվածի՝ ամերիկյան ուժերը կարող էին տեղակայվել Սիրիայի և Իրաքի միջև սահմանի մոտ: Աղբյուրների խոսքով՝ այդ հնարավորությունն արդեն քննարկվել է ԱՄՆ պաշտոնյաների կողմից։ Հրապարակման մեջ նշվում է, որ Թրամփն ավելի վաղ արդեն բազմիցս փոխել է Սիրիայի հարցով իր ծրագրերը:
Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։
Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։
Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։