ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հավատալ Հյուսիսային Կորեայի մասին ամերիկյան հետախուզության զեկույցի տվյալներին, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան այլ տեղեկություն է տվել։ Այս մասին հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Էնդրյու Մաքքեյբը։
«Նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների օգնությամբ ԱՄՆ-ին հարվածելու Հյուսիսային Կորեայի հնարավորությունների առկայությանը»,- նշել է Մաքքեյբը CBS News-ի հետ հարցազրույցում։
Մաքքեյբն ընդգծել է, որ այդ տեղեկությունը հակասել է հետախուզության բոլոր զեկույցների տվյալներին։
«Միևնույն է, ես հավատում եմ Պուտինին»,- Թրամփի խոսքերն է մեջբերել Մաքքեյբը՝ հավելելով, որ դա «իսկական շոկ» էր։
Փետրվարի 27-28-ին տեղի կունենա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ Թրամփի երկրորդ հանդիպումը, որը ծրագրված է Վիետնամի մայրաքաղաքում։

