Բաքվի զինվորական դատարանը փետրվարի 6-ին շարունակել է Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս պաշտոնյաների գործի քննությունը։ Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձնացված կարգով և կշարունակվի փետրվարի 10-ին, իսկ Արցախի մյուս գործիչների գործի քննությունը տեղի է ունեցել այսօր։
Դատական նիստերի ընթացքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ներկայացվել են հատվածներ մեղադրական եզրակացություններից, իսկ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին հնարավորություն է տրվել ելույթ ունենալ։
Ռուբեն Վարդանյանի մեղադրական եզրակացության մի մասը ևս ներկայացվել է։ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերը պաշտպանող փաստաբան Սիրանուշ Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ՝ հիմնվելով Վարդանյանի ընտանիքին տեղեկացրած տեղի փաստաբանի տվյալների վրա։
«Ռուբեն Վարդանյանի գործով նիստից ունենք որոշակի այլընտրանքային տեղեկություն, որն ընտանիքն ստացել է նրա փաստաբան Աբրահամ Բերմանի միջոցով։ Նիստում պաշտպանը երկու բացարկ է ներկայացրել, որից մեկը՝ թարգմանչի մասով։ Բացի նրանից, որ շինծու գործը պարունակում է 422 հատոր ադրբեջաներենով, պարզվել է, որ նրան հատկացված թարգմանիչը, որը պետք է գործի նյութերի գոնե բանավոր թարգմանություն ապահովեր (քանի որ գրավոր թարգմանություն, անգամ՝ նշումներ անել թույլ չեն տալիս), անգամ նորմալ բանավոր թարգմանություն չի ապահովել և լրջագույն սխալներ է թույլ տվել։ Անգամ որոշ տեղերում հղումներ են եղել ոչ թե Ադրբեջանի, այլ Բելառուսի օրենսդրությանը։ Ըստ ինձ փոխանցված տեղեկությունների՝ դատարանը կարգադրել է Ռուբեն Վարդանյանին և նրա պաշտպանին տրամադրել ադեկվատ թարգմանություն։ Ու սա՝ միայն երրորդ նիստի ընթացքում, երբ սկսվել է գործի ըստ էության քննությունը։ Բացի այդ, մերժվել են պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները՝ գործի պատճենները ստանալու և տեսաերիզների բովանդակությանը ծանոթանալու մասին։ Բնականաբար, այս մասին ադրբեջանական լրատվամիջոցները չեն հայտնում»,- նշել է Սիրանուշ Սահակյանը։
Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ Սիրանուշ Սահակյանը նշել է, որ դրանք, բնականաբար, արվում են ճնշումների ներքո, և ոչ մի միջազգային մասնագետի համար այդ ցուցմունքները արժանահավատ չեն հնչում։ Նա նաև նկատել է, որ մեղադրական եզրակացության հրապարակված հատվածներից պարզ է դառնում, որ այս դատավարության ընդհանուր իմաստը Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքի անթույլատրելիության հասնելն ու ինքնորոշման բոլոր ջանքերը ոչնչացնելն է։ Փորձ է արվում ցույց տալ, որ ամեն ինչ եղել է «տարածքների զավթման հանցավոր գործունեություն»։
