ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտը (DHS) պաշտոնապես հայտարարել է վերջնական կանոնի ընդունման մասին, որով չեղարկվում է Բայդենի վարչակազմի օրոք՝ 2022 թվականին ընդունված «հանրային բեռի» (public charge) վերաբերյալ կարգավորումը։ 2026 թվականի սեպտեմբերի 18-ից ուժի մեջ մտնող նոր քաղաքականությունը ներգաղթի հարցերով պաշտոնյաներին թույլ կտա մերժել կացության քարտի (green card) տրամադրումն այն դիմորդներին, ովքեր օգտվում են կամ, ըստ գնահատականների, ապագայում կարող են օգտվել պետական նպաստներից, ներառյալ ոչ դրամական աջակցությունից, ինչպիսիք են Medicaid բժշկական ապահովագրությունը, SNAP սննդի աջակցության ծրագիրը և բնակարանային վաուչերները:
Ըստ դեպարտամենտի պաշտոնական հաղորդագրության, որը հրապարակվել է 2026 թվականի հուլիսի 16-ին, այս փոփոխությունը նպատակ ունի առավել սերտորեն համապատասխանեցնել «հանրային բեռի» որոշումները «Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքին» (INA)՝ ընդգծելով օտարերկրյա քաղաքացիների ինքնաբավության սկզբունքը: Դաշնային մարմինների փոխանցմամբ՝ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի հարցերով ծառայության (USCIS) սպաներին այսուհետ կթույլատրվի յուրաքանչյուր դեպք գնահատել անհատական հիմունքներով՝ հաշվի առնելով բոլոր համապատասխան հանգամանքները: USCIS-ի մամուլի քարտուղար Զաք Քեյլերը նշել է, որ Թրամփի վարչակազմը պաշտպանում է օրենքի գերակայությունը և ամերիկացի հարկատուներին զերծ պահում այն օտարերկրացիներին սուբսիդավորելուց, ովքեր կարող են կախվածության մեջ ընկնել պետական նպաստներից: Չեղարկված 2022 թվականի կարգավորումը սահմանափակում էր հաշվի առնվող նպաստների տեսակները՝ բացառելով ոչ դրամական օգնությունը:
Նոր կարգավորումն առաջին հերթին ազդելու է օրինական կարգավիճակ ունեցող ներգաղթյալների և խառը կարգավիճակ ունեցող ընտանիքների վրա, քանի որ անօրինական ներգաղթյալներն առանց այն էլ իրավունք չունեն օգտվելու դաշնային սոցիալական աջակցության ծրագրերից: USCIS-ը հայտնել է, որ կթողարկի I-485 ձևաթղթի (Մշտական բնակության կամ կարգավիճակի փոփոխման դիմում) վերանայված տարբերակը: 2026 թվականի սեպտեմբերի 18-ին կամ դրանից հետո ներկայացված հին ձևաթղթերը ներգաղթային ծառայության կողմից այլևս չեն ընդունվի:
Ներգաղթյալների իրավունքների պաշտպաններն ու հանրային առողջապահության ոլորտի փորձագետները խստորեն դատապարտել են այս քաղաքականության վերականգնումը, որն առաջին անգամ կիրառվել էր 2020 թվականին՝ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետում, և չեղարկվել Ջո Բայդենի վարչակազմի կողմից: Իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ «Food Research & Action Center»-ը, նախազգուշացնում են, որ նոր կանոնը կառաջացնի վախի և շփոթության մթնոլորտ՝ ստիպելով ընտանիքներին հրաժարվել անհրաժեշտ սննդից և բժշկական օգնությունից: Կազմակերպության նախագահ Քրիստալ Ֆիթցսիմոնսը CNN-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնել, որ սա կհանգեցնի սովի մակարդակի բարձրացմանը, հատկապես երեխաների շրջանում:

