fbpx
Իրավական

Ծննդատան աշխատանքը կասեցված է․ ո՞վ է վճարելու բուժանձնակազմի շուրջ 1 տարվա չստացած աշխատավարձը (Տեսանյութ)

Քանաքեռ-Զեյթուն ծննդատան աշխատակիցները հավաքվել էին բուժհաստատության մուտքի առաջ՝ փորձելով գտնել հետևյալ հարցերի պատասխաները․ դեռ ինչքա՞ն են ստիպված լինելու մնալ հարկադիր պարապուրդի մեջ, և ե՞րբ են վերջապես ստանալու շուրջ 1 տարվա կուտակված աշխատավարձի պարտքը։ Տարվա սկզբից ծննդատան շուրջ աղմուկը հանգեցրեց նրան, որ Առողջապահության նախարարությունը որոշեց կասեցնել նրա գործունեությունը չափանիշների անհամապատասխանության պատճառով։ Այս ամենի արդյունքում բուժանձնակազմը հարկադիր պարապուրդի մեջ է հայտնվել, իսկ աշխատակիցների՝ ամիսների աշխատավարձի պարտքը վճարող այդպես էլ չի գտնվում։ «Ոչ մի բան այսքան տարի չի արվել, որ ծննդատունը ծաղկի և ավելի լավ աշխատի։ Կանգնել ենք հիմա այս շեմին, որ ոչ մեկը մեր ծննդատան անունը լսել չի ուզում։ Ասում են՝ պարտք եք, պարտք եք։ Այո՛, ամեն ինչ հասկանում ենք, բայց չէ՞ որ մեզ էլ է պարտք»,- ասում է ծննդատան նորածնային բաժանմունքի մանկաբույժ Նարինե Աթաբեկյանը։ Ծննդատան մանկաբարձուհի Սուսաննա Վերմիշյանն էլ 40 տարի այս բուժհաստատությունում է աշխատել, ասում է՝ հիմա բարդ է նոր աշխատանք գտնելը։ «Սա մեզ համար եղել է հարազատ օջախ, որտեղ աշխատել ենք, մի ընտանիքի նման ենք եղել։ Այսօր, երբ դեռ թոշակի էլ չենք, բայց հասել ենք այդ շեմին, էլ մեզ որտե՞ղ կընդունեն աշխատանքի»,- ասում է ծննդատան մանկաբարձուհին։ Քանաքեռ Զեյթուն ծննդատունը հիմնադրվել է 1950-ական թվականներին։ Սկզբում գտնվել է 8-րդ բուժմիավորման կազմում, բնակչությանը հայտնի էր որպես 8-րդ ծննդատուն։ 2017 թվականին քաղաքապետարանի կողմից իրականացվել է ծննդատան վերանորոգում և վերազինում, այն եղել է երրորդ մակարդակի բուժհաստատություն։ Իսկ այսօր, ըստ Առողջապահության նախարարության, ծննդատունն ամենացածր՝ առաջին մակարդակի բուժհաստատություն լինելու չափանիշներին անգամ չի համապատասխանում։ Աշխատակիցների մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նախարարությունը քաղաքապետարանի ենթակայության տակ անցնելուց հետո միայն որոշում, որ այն չի համապատասխանում չափանիշներին։ Ծննդատունը 2020 թվականին, Երևանի ավագանու որոշմամբ, հավատարմագրային կառավարման է տրվել «Դե Վի Սան» ՍՊԸ-ին, որը պարտավորվել է 5 տարվա ընթացքում 200 մլն դրամի ներդրում կատարել բուժհաստատությունում։ Երևանի քաղաքապետարանը 2022-ին դատարան էր դիմել՝ «Դե Վի Սան» ընկերության հետ կնքված պայմանագիրը միակողմանի խզելու համար։ Պատճառը, ըստ քաղաքապետարանի, պայմանագրով առկա պարտավորությունների չկատարումն է։ Այս տարվա ապրիլի 29-ին պայմանագիրն արդեն միակողմանիորեն խզվել է, իսկ մայիսից սկսվել է ծննդատան հանձման և ընդունման աշխատանքը։ «Մի քանի օր աշխատելուց հետո պարզ դարձավ, որ հնարավոր չէր այդ ընդունման-հանձման արարողակարգն իրականացնել, որովհետև անհասկանալի էր՝ չկային փաստաթղթեր, չկար գույքի մասին որևէ ինֆորմացիա, թե որը ում է պատկանում։ Առաջարկվեց կատարել արտաքին աուդիտ»,- ասում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։

Արտաքին աուդիտ այդպես էլ չի անցկացվել։ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանի խոսքով՝ նախկին կառավարիչը ներդրումների և ֆինանսական հաշվետվողականության մասին փաստաթղթերը չի ներկայացրել, ինչն անհնարին է դարձրել արտաքին աուդիտի անցկացումը։ Ըստ Կարապետյանի՝ կրեդիտորական պարտքերը պարզելուց հետո միայն կարող են ֆինանսական գնահատական տալ։ Իսկ մինչ այդ աշխատակիցները պատրաստվում են բողոք-նամակով դիմել վարչապետին, ԱԺ նախագահին և Երևանի քաղաքապետին։ Այդ նպատակով ստորագրահավաք էին կազմակերպել ծննդատան բակում։ Աշխատակիցներից մի քանիսն արդեն դատական պրոցեսների մեջ են, պայքարում են իրենց աշխատածի դիմաց վարձատրություն ստանալու համար։ Նրանք մեզ են տրամադրել նաև իրենց աշխատավարձի պարտքի մասին տեղեկանքները, որով Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն ՓԲԸ-ն պարտավորվում է վճարել նրանց ամիսների կուտակած աշխատավարձերը։

Աշխատողների խոսքով՝ նրանք դեռևս չեն ստացել նաև իրենց պարապուրդի գումարները, որոնք վճարողը քաղաքապետարանը պետք է լիներ։ Ասում են՝ քաղաքապետարանը խոստացել էր իր ենթակայության տակ անցնելուց հետո ծննդատան բոլոր հարցերը կարգավորվել, սակայն այժմ նրանք առավել ծանր վիճակում են․ չունեն աշխատանք, իսկ քաղաքապետարանն էլ ծննդատան աշխատանքն առաջիկայում վերականգնելու մտադրություն չունի, ծրագիր է մշակվում հետագայում այստեղ կանանց առողջության հայ-ֆրանսիական կենտրոն բացելու համար։

Աշխատակիցները ծանոթ են քաղաքապետարանի նոր ծրագրին, սակայն հույս չունեն, որ բուժհաստատությունը կմնա ծննդատան կարգավիճակում։ Անհանգիստ են՝ եթե հաստատությունն ամբողջովին փակվի, ումի՞ց են պահանջելու իրենց գումարները։ Առողջապահության վարչության պետն էլ ընդգծում է՝ նոր առողջական կենտրոնը ստեղծվելու է ծննդատան հիմքի վրա և այնտեղ աշխատելու առաջնահերթություն տրվելու է ծննդատան աշխատակիցներին։

Աղբյուրը՝ Factor.am

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ