Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները ԱՄՆ-ից ժամանած Դեյվին Ղարախանյանի ու Ջեֆ Ուիլկինսի հետ միասին մի քանի օր է ինչ լուսանկարում են Գառնիի տաճարը, ենթահուշարձանները, արգելոց-թանգարանի ողջ տարածքը։ Թումոյի սաները անօդաչու սարքի միջոցով «անմահացնում» են նաև Գառնին վերևից։ Արգելոց-թանգարանի այցելուները այս օրերին նկատել են տաճարի ամեն կադրը լուսանկարող երիտասարդներին / 20 հոգի/, ովքեր խոստովանում են, որ նպատակը՝ Գառնին եռաչափ մոդելավորմամբ ներկայացնելն է։
Մինչ արգելոց-թանգարանի տարածքում աշխատելը արտերկրից ժամանած մասնագետները Թումո կենտրոնի սաների համար մշակութային ժառանգության թվայնացման հատուկ դասընթաց են անցկացրել։ Սկանավորման համար Գառնին ընտրվել է պատմաճարտարապետական նշանակության ու յուրօրինակ գեղեցկության նկատառումով։

Միացյալ նահանգներից ժամանած Ջեֆ Ուիլկինսի համոզմամբ իրենք ճշգրիտ սկանավորում են տաճարը ներսից, ողջ հարակից տարածքը ու եռաչափ մոդելավորմամբ Գառնին կարող են տեսնել նաև աշխարհի տարբեր երկրներում։

Մասնագիտությամբ ճարտարապետ, դիզայներ Դեյվին Ղարախանյանը իր տպավորություններով կիսվում է ոչ վարժ հայերենով, ապա զրույցը շարունակվում է անգլերեն լեզվով։ Նրա խոսքով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների սաների հետ գործակցության նպատակը մեր մշակութային ժառանգությունը թվային տարբերակով պահպանելն է։
Հաջորդ շաբաթ երիտասարդները կավարտեն իրենց աշխատանքը՝ այն ներկայացնելով տեսահոլովակի միջոցով։

Այս մասին տեղեկացնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից։

