Այսօրվա` սեպտեմբերի 2-ի, մամուլի ասուլիսի ժամանակ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով դիտարկմանը, որ գերմանական լրատվականը գրել էր, թե հուլիսին Թուրքիան արգելել էր գերմանական օդանավին իր օդային տարածքով թռչել դեպի Հայաստան ու տեղափոխել հայ խաղաղապահներին, և լրատվամիջոցը նշում էր, որ սա սադրանք է Անկարայի կողմից և հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Թուրքիայի այս քայլը ասաց` որքան տեղյակ եմ՝ ՊՆ-ն չի հերքել այս տեղեկատվութունը և դատապարտելի է, որ Թուրքիան արդեն իսկ խոչընդոտում է ՆԱՏՕ և ՄԱԿ շրջանակներում խաղաղապահների գործողությունները՝ ելնելով իր հակահայկական դիրքերից, այս մասին բարձրաձայնել ենք մեր միջազգային գործընկերների մոտ՝ դիվանագիտական խողովակներով:
Հարցին էլ՝ Արևելյան միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությունն արժանացավ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունների նյարդային արձագանքին, ինչո՞ւ դրանց չհետևեց հայկական կողմի արձագանքը, Նաղդալյանն ասաց. «Թուրքիայի ԱԳՆ պատասխանը նյարդային էր իսկապես և գուցե արժանի չէր կառուցողական պատասխանի, քանի որ, ինչպես գիտեք, ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս կառուցողական դիրքերից: Թուրքիան, որը վերջին շրջանում իրեն դիրքավորում է որպես գազ փնտրող ծովերի թագուհի և խնդիրներ ունի իր գրեթե բոլոր հարևանների հետ, պետք է նախևառաջ հարգի իր պարտավորությունները, իսկ Հայաստանի հետ սահմանը շարունակաբար փակ պահելով՝ Թուրքիան խախտում է իր պարտավորությունները, որ ունի Հայաստանի նկատմամբ, այն է՝ Հայաստանին դեպի ծով ելք տրամադրելը»: