Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմարդյունաբերական ոլորտում նոր պայմանագիր է ստորագրվել: Թուրքիան պատրաստվում է ձեռք բերել ուկրաինական արտադրության հեռակառավարվող հակատանկային հրթիռներ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ուկրաինայի պետական «Ուկրօբորոնպրոմ» ռազմարդյունաբերական կոնցեռնի կազմում գործող «Սպեցտեխնոէքսպորտ» ընկերության կողմից կատարված հայտարարության համաձայն՝ Ուկրաինան Թուրքիային կվաճառի 120 մմ տրամաչափով «Konus» հակատանկային հրթիռներ:
Հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի վերջին Ստամբուլում մեկնարկած «IDEF 2019» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիայի «Մեքենաշինության և քիմիական արդյունաբերության» ընկերության և «Սպեցտեխնոէքսպորտի» միջև պայմանագիր է ստորագրվել: Պայմանագրի համաձայն՝ առաջիկայում վերանշյալ թուրքական ընկերությունը նաև կարտադրի ուկրաինական հեռակառավարվող հրթիռները:
Հրթիռների վաճառքի գինը և մատակարարման ժամկետները հստակեցվել են, առաջին խմբաքանակը Թուրքիան կստանա արդեն առաջիկա շաբաթների ընթացքում: