Թուրքիայում գործող հայկական «Լույս» թերթը պատրաստվում է հեռարձակել Թուրքիայի պատմության մեջ առաջին հայկական «Լույս»-TV հեռուստաալիքը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
«Լույս» թերթի լրատվական խորհրդի անդամ Հարություն Քուրալը նշել է, որ «Լույս»-TV-ն հայերեն և թուրքերեն բարձր որակի (HD) հեռարձակում է իրականացնելու:
Քուրալը նշել է նաև, որ հեռուստաալիքի ստեղծումը եղել է իր հոր՝ Արամ Քուրալի 35 տարվա նախագիծը, որը կյանքի է կոչվում:
«Լույս»-ի լրատվական խորհրդի անդամի փոխանցմամբ՝ «Լույս»-TV-ն սկսելու է կանոնավոր հեռարձակվել մեկ ամսվա ընթացքում:
«Լույս»-TV-ն ցուցադրելու է լուրեր, ինչպես ընդհանուր Թուրքիային վերաբերող, այնպես էլ հայկական համայնքին հետաքրքրող թեմաներով, մարզական, քաղաքական, մշակութային տարբեր հաղորդումներ:
«Հորս կարծիքով` հայկական հեռուստաալիքն անհրաժեշտ է հայ համայնքին, և մենք այս երազանքը իրագործեցինք», – ասել է Քուրալը։