Թուրքիայում ՏԻՄ ընտրություններն ընթացել են միջադեպերով. կան զոհեր և վիրավորներ

Ամենադիտվածներ

Մարտի 31-ին վաղ առավոտից Թուրքիայում մեկնարկած ՏԻՄ ընտրությունների ժամանակ տարբեր շրջաններում մի շարք են միջադեպեր գրանցվել, որոնց արդյունքում կան զոհեր և վիրավորներ։

Մալաթիա նահանգի Փյություրգե շրջանի ընտրատեղամասում զինված բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։ Հրազենային վնասվածքներից մահացել են՝ Հասան Աքթաշն ու Իլյաս Աքթաշը։ Իրավապահներին հաջողվել է հանցագործին ձերբակալել։ Հետագա հնարավոր միջադեպերը կանխելու համար ընտրատեղամասի տարածքում խստացված անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել, սակայն միջադեպերը շարունակվել են նաև այլ շրջաններում։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլըուրֆա շրջանի տարբեր թաղամասերում համայնքապետերի և նրանց հարազատների միջև ծագած կռվի հետևանքով 25 հոգի վնասվածք է ստացել։Կռվի մասնակիցները օգտագործել են զենք, փայտ և քար։Վիրավորները հոսպիտալացվել են, իսկ մնացած մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանականություն։

Միջադեպ է գրանցվել Դիարբեքիրի շրջաներից մեկում, որտեղ միմյանց հետ վիճել են երկու թեկնածուներ։ Վեճի պատճառը եղել է այն, որ ընտրատեղամասում թռուցիկներ են տարածել։ Ծեծկռտուքին միացել են նաև թեկնածուներից մեկի հարազատները։ Այդ ամենի հետևանքով երկու մարդ դանակահարվել են և տեղափոխվել հիվանդանոց։

Դանակահարության դեպք է գրանցվել նաև Ստամբուլում։ Ստամբուլի Քադըքյոյ և Էսենյուրթ շրջաններում համայքապետերի և նրանց մերձավորների միջև վեճ ու ծեծկռտուք է սկսվել շուրջ 15 հոգու մասնակցությամբ, որի հետևանքով մի հոգի դանակահարվել է։Վերջինիս հարազատները հիվանդանոցում կրակ են բացել։ Ոստիկանությունը զինված անձին ձերբակալել է, իսկ մյուսներին բերման ենթարկելու աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ ըստ նախնական արդյունքների իշխանության ու ընդդիմության միջև տարբերությունը մի տոկոսից էլ քիչ է։

Ամենաթարմ