Թուրքական ապրանքների ներկրումն արգելելու ոչ մի նախագիծ չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Վերջինս նաև հավելել է, որ նման նախաձեռնության անհրաժեշտություն չի տեսնում:
Հարցադրմանը, թե չի՞ կարծում, որ Հայաստանի տնտեսությունը կարող է կուլ գնալ թուրքականին, ՊԵԿ նախագահը բացասական պատասխան է տվել:
Նորմա՞լ է Թուրքիայի հետ առևտուր անելը հարցին ի պատասխան էլ ասել է. «Առևտուր անելը նորմալ է»:
Անդրադառնալով ադրբեջանցիների մուտքը ՀՀ ապահովելու՝ վարչապետի հանձնարարականի ուղղությամբ կատարված աշխատանքներին, Բադասյանը նշել է.«Արվել են բոլոր այն քայլերը, որոնց մասին խոսվել է, դրանք փաստաթղթավորված են, կառավարության որոշումները դրվել են e-draft-ում, ապա ուղարկվել են վարչապետի աշխատակազմ, շահագրգիռ երեք գերատեսչություններին։ Նշված անցակետերում որոշակի աշխատանքներ ևս իրականացվել են։ Սահմանային անցակետերը և հսկողության ռեժիմները սահմանված են արդեն»:
Հարցին՝ այս գործընթացները ի՞նչ վտանգներ իրենց հետ կարող են բերել, ՊԵԿ նախագահն ասել է, թե ոչ մի:
«Ի՞նչ վտանգների մասին է խոսքը։ Մենք հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը կառավարության համար միանշանակ ընդունելի օրակարգ է և ձեռնարկել ենք դրանից բխող քայլեր։ Գործընթացը կարելի է ասել ավարտված է։ Եթե մյուս կողմը ևս պատրաստ է օգտվել նման կետերի կողմից մատուցվող ծառայություններից, ապա մենք պատրաստ ենք»։

