fbpx
Աշխարհ

Թուրքական իշխանությունների պատիժները սոցցանցում գրառումների համար

Ինչի՞ համար են Թուրքիայի իշխանությունները պատժում սոցցանցերի օգտատերերին:
Գերմանիայի քաղաքացի, թուրքական ծագմամբ Օսման Բ.-ին ձերբակալել էին հուլիսի սկզբին Անթալիայի օդանավակայանում: Նա կասկածվում է ահաբեկչության քարոզչության մեջ: 36-ամյա տեղամարդուն ազատազրկում է սպառնում այն բանի համար, որ նա Facebook-ի իր էջում տեղադրել է Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը: Գերմանական տեսանկյունից՝ Օսմանի ձերբակալությունը մտքի ազատության խախտում է, սակայն Անկարայում այլ կերպ են մտածում:
Բանտարկում՝ սոցցանցում գրառում կատարելու համար
Թուրքիայում հազարավոր մարդիկ արդեն պատժվել են սոցցանցերում իրենց ակտիվության համար: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2018թ. քրեական գործերի թուրքական գերատեսչության աշխատակիցները հետեւել են սոցցանցերում 110 հազար հաշիվների: 7100 օգտատեր ձերբակալվել է: 2745 օգտատեր ձերբակալվել է այն պատճառով, որ նրանց էջերը «քրեական պարունակություն» ունեն:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում 20500 մարդ դատարանի առաջ է կանգնել սոցցանցերում գրառումների պատճառով:
Մեղադրանքների շարքում են՝ նախագահին վիրավորելը, պետական ինստիտուտներին վիրավորելը, ապստամբության կոչերը, ահաբեկչության քարոզումը, Ֆեթուլլահ Գյուլենի (Թուրքիայի իշխանությունները նրան մեղադրում են 2016թ. հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ) գաղափարների աջակցումը, Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելը: Հատկապես կոշտ պատժի են ենթարկվում Էրդողանին եւ նրա կուսակցությանը քննադատողները:
Օսման Բ.-ի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հեշտությամբ հայտնվել բանտում: Ձերբակալության համար բավարար է, օրինակ, իշխող կուսակցությունից որեւէ պաշտոնյայի հայտարարությունն այն մասին, որ իրեն վիրավորել են:
Թուրքիայում սոցցանցերը հսկողության տակ են
Որոշ դեպքերում Էրդողանն անձամբ է դատարան դիմում: Նման դեպքեր են եղել 2014 եւ 2017 թվականներին, 12173 մարդ դատարանի առաջ է կանգնել Էրդողանին վիրավորելու համար, իսկ 3221 մարդ ձերբակալվել է: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը փաստագրում է դեպքերը, երբ պատժի են ենթարկվել մարդիկ, որոնք իրենց գրառումներում քննադատում են թուրք զինվորականների գործողությունները քրդերի նկատմամբ: Այդ հիմքով անցած տարի 648 մարդ է ձերբակալվել:
Թուրք իրավապաշտպան Հադի սինի խոսքով՝ դա թուրքական իշխանությունների կամայականությունն է, քանի որ թուրքական օրենսդրության մեջ համացանցում գրառումների համար քրեական պատիժ նախատեսված չէ:
Քննադատության համար քրեական պատիժ
Տնտեսագետ Մուստաֆա Սյոնմեզի դեպքը մեծ արձագանք ստացավ: Նրան մեղադրանք էր առաջադրվել փորձագիտական կարծիք հայտնելու համար: Ապրիլի 14-ին տնտեսագետը Twitter-ի իր էջում գրել էր, որ թուրքական տնտեսությունը ճգնաժամի մեջ է գտնվում: Սեպտեմբերի 20-ին նա դատարանի առաջ էր կանգնել:
Էրդողանի աջակիցները, իրավապաշտպան Հադի Սինի խոսքով, կարող են որքան ցանկանան ռասիստական մեկնաբանություններ գրել, վիրավորել իրենց ընդդիմադիրներին կամ սպառնալ նրանց, իսկ մյուսները դրա համար բանտարկվում են: Թուրքիայում շատերի համար սոցցանցերը վտանգավոր տարածք են դարձել, միակ հույսը, ըստ իրավապաշտպանի, Եվրոպան է: Նա ԵՄ-ին կոչ է արել արձագանքել Թուրքիայում մտքի ազատության եւ մարդու իրավունքների խախտումներին:
Աղբյուրը՝ News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ