Ermenihaber-ի հաղորդմամբ՝ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության վերաբերյալ հարցին։
«Հայաստանն, իհարկե, զավթիչ է։ Գիտեք, որ Հայաստանի զավթողականությունը տարիների, տասնյակ տարիների պատմություն ունի։ Նախիջևանը (հավանաբար շփոթում է Լեռնային Ղարաբաղի հետ․- խմբ․) բռնազավթված է և Մինսկի եռյակը արդեն 25-30 տարի է՝ այս հարցը թողել է չլուծված, չի կարողացել լուծել։ Իհարկե, պարզ էր, որ հանգամանքները հենց նման զարգացում են ունենալու», – նշել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան «եղբայր Ադրբեջանին» միայնակ չի թողնի և մինչև վերջ կաջակցի։ Նախագահը հավելել է, որ այս ընթացքում խոսել է Ալիևի հետ, և երեկ Ադրբեջանից մի պատվիրակություն էին ուղարկել։
«Պատվիրակությունը և մեր Պաշտպանության նախարարն ու հրամանատարները համապարփակ քննարկումներ են արել։ Ես էլ իրենց հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Ինչպես եղել է Կովկասի պայքարում, այսօր էլ Ադրբեջանի և մեր ադրբեջանցի եղբայրների կողքին ենք և շարունակելու ենք նրանց կողքին լինել», – հայտարարել է նա։