Թուրքիայում վերջին ամիսներին մի շարք գործընթացներ են նկատվում, որոնք առաջին հայացքից իրար հետ կապ չունեն, սակայն միասին վերցրած ցույց են տալիս, որ երկիրը նոր փուլ է մտնում։ Դրանք առավել տեսանելի են քրդական հարցում, տնտեսական իրավիճակում և ներքաղաքական գաղափարական դաշտում։
1. PKK-ի հետ լարվածության նվազում և քաղաքականացման և փափուկ ուժի կիրառման փորձ
Keep Document-ի տվյալներով՝ PKK-ի որոշ ստորաբաժանումներ դուրս են եկել Իրաքի հյուսիսում գտնվող Zap տարածաշրջանից։ Սա տասնամյակների ամենախիտ բախումների գոտիներից էր։ Վերջին ամիսներին թուրքական և միջազգային աղբյուրները նշում են, որ Անկարան քննարկում է քաղաքական փաթեթ, որը վերաբերում է նախկին մարտիկների վերադարձի և կարգավորման տարբերակներին։ Սա ցույց է տալիս, որ Թուրքակական ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է քրդական հարցը ուժային բաղադրիչից տեղափոխել դեպի քաղաքական փափուկ ուժի ազդեցության և մշակման դաշտ։ Լարվածությունը նվազեցնելու այս մոտեցումը կարող է դիտվել որպես պայմանական հաշտեցման ուղղվածություն։
2. Սոցիալ տնտեսական վիճակը և դրա ազդեցությունը քաղաքական որոշումների վրա
TürkStat–ի տվյալներով՝ բնակչության մոտ կեսը համարվում է աղքատ կամ ծայրահեղ աղքատ, իսկ միջին խավը կազմում է մոտ 36 տոկոս։ Լիրայի արժեզրկումը, գնաճը և իրական եկամուտների նվազումը խորացնում են բնակչության սոցիալական ճնշումը։ Այս պայմաններում իշխանությունը խուսափում է կտրուկ և ռիսկային քայլերից, քանի որ ցանկացած սրացում արագ կարող է վերածվել սոցիալական դժգոհությունների։ Տնտեսական իրավիճակը սահմանափակում է պետության արտաքին և ներքին քաղաքականության ազատությունը։
3. Ներքաքաղաքական գաղափարական փոփոխություն ինչը ենթադրում է ավելի լայն ինքնության մոդել
Վերջին ամիսներին Էրդողանի խոսքում հաճախ են հնչում ձևակերպումներ, որոնք ընդգրկում են թուրք, քուրդ և արաբ խմբերի միասնականությունը։ Այս մոտեցումը ոչ թե գաղափարական հեղափոխություն է, այլ փորձ՝ ներքին լարվածությունը մեղմելու և սոցիալական տարբեր խմբերին նույն քաղաքական հարթության մեջ ներառելու համար։ Այն համահունչ է ինչպես քրդական հարցի քաղաքականացման փորձերին, այնպես էլ ժողովրդագրական փոփոխություններին, որոնք ներկայումս զգալի ազդեցություն ունեն երկրի ներքին դինամիկայի վրա։
Ընդհանուր պատկեր
Այս երեք ուղղությունները միասին ցույց են տալիս, որ Թուրքիան անցումային փուլում է, որի ընթացքում իշխանությունը միաժամանակ փորձում է մեղմել քրդական ճակատը, կառավարելի պահել սոցիալական ճնշումները և վերաձևել ներքին քաղաքական դաշտը։ Սա ոչ թուլացման, ոչ էլ ուժեղացման միանշանակ նշան չէ, այլ ավելի ճիշտ վերաձևավորման կամ վերաիմաստավորման շրջան է, որի իրական ազդեցությունը ավելի հստակ կերևա ժողովրդագրական տենդենցների հետ միասին։

