Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, թուրքական նորաստեղծ «Ապագա» (Gelecek) կուսակցության հիմնադիր և առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հոկտեմբերին գրած նամակին: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։
Դավութօղլուն խոսել է նամակի բովանդակության մասին, որում ԱՄՆ նախագահը կոչ էր արել Էրդողանին «հիմար չգտնվել»:
«Իմ՝ արտգործնախարար լինելու ժամանակ ես պաշտոնանկ կանեի մեր դեսպանին նման նամակ բերելու համար: Վարչապետության ժամանակ պաշտոնանկ կանեի արտգործնախարարին: Իմ՝ արտգործնախարար լինելու ժամանակ նույնպես ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածություն եղել է, սակայն Թուրքիան երբեք այդպիսի խայտառակ նամակ չէր ստացել, ինչպիսին Թրամփի ուղարկած նամակն էր»,-ասել է թուրք քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն առաջարկել էր համաձայնության գալ Սիրիայի քրդերի հետ, այլապես սպառնացել էր ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը: