Թուրքիան Գերմանիայում ամենից ակտիվ լրտեսությամբ զբաղվող չորս երկրներից մեկն է։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ներքին հետախուզության համար պատասխանատու Սահմանադրության պահպանման գերատեսչությունը (BFV), տեղեկացնում է Ermeni Haber-ը։
2018թ․ վերաբերյալ BFV-ի զեկույցի համաձայն՝ Թուրքիայի լրտեսական գործունեության մեջ գլխավոր դերը կատարում է այս երկրի Ազգային հետախուզական ծառայությունը (MİT)։
Արձանագրվել է, որ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանն ու Թուրքիան շատ ակտիվ լրտեսական գործունեություն են ծավալում Գերմանիայում՝ այդ երկրի նկատմամբ քաղաքական, տնտեսական, ռազմական և տեխնոլոգիական առավելություններ ձեռք բերելու նպատակով։ Զեկույցում նշվել է, որ թուրքական հետախուզությունը հատկապես կենտրոնացած է Գերմանիայում ապաստանած և Թուրքիայում որպես հակակառավարական կամ ահաբեկչական բնութագրվող խմբավորումների կամ անհատների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու վրա։ Բայց միևնույն ժամանակ Թուրքիայի հետախուզությունը Գերմանիայում փորձում է նաև իր ազդեցությունն ունենալ երկրի քաղաքական անցուդարձի և գերմանական հասարակությունում վճռորոշ ձայն ունեցող անձանց վրա։