Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը Հունաստանին մեղադրել է Էգեյան ծովում կղզիների ապառազմականացման կարգավիճակը խախտելու մեջ։
«Հունաստանը խախտել է կղզիների կարգավիճակը, դրանք պետք է ապառազմականացվեն, հակառակ դեպքում, օրակարգում կլինի կղզիների սեփականության հարցը»,- ասել է նախարարը՝ պատասխանելով «Անադոլու» գործակալության լրագրողների հարցերին։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Հունաստանը ռազմականացնում է Էգեյան ծովում գտնվող կղզիները 1960-ականներից։
«Մենք բազմիցս նախազգուշացումներ ենք արել, երկու նամակ ենք ուղարկել ՄԱԿ»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը խոսել է անցյալ շաբաթ Հունաստանի կողմից կղզիների կարգավիճակի խախտման անթույլատրելիության մասին։ Մասնավորապես, ինչպես մայիսի 26-ին նշել է Չավշուօղլուն, հարևան երկրի գործողությունները հակասում են Լոզանի (1923թ.) և Փարիզի (1947թ.) խաղաղության համաձայնագրերին, որոնց համաձայն՝ Հունաստանը ստացել է Էգեյան ծովում գտնվող մի խումբ կղզիներ։
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և Հունաստանը բազմիցս են հայտնվել ռազմական բախման շեմին` Էգեյան ծովում վիճելի կղզիների կարգավիճակի, տարածքային ջրերի և օդային տարածքի սահմանների պատճառով: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսի 25-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ կբարձրացնի թուրքական ավիացիայի կողմից իր երկրի օդային տարածքը խախտելու հարցը, քանի դեռ Թուրքիան չի դադարեցրել դա։