fbpx
Աշխարհ

Թուրքիան զինվորականներ է ուղարկել Ռուսաստան

Թուրքիայի զինված ուժերի անձնակազմերը մեկնել են Ռուսաստան՝ մարզվելու S-400 զենիթահրթիռային համակարգերի վրա։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Սա արվում է Միացյալ Նահանգների դժգոհության ֆոնին, քանի որ Վաշինգտոնը դեմ է Անկարայի կողմից ռուսական զինատեսակ գնելուն։

Ռուսական կողմն էլ իր հերթին է սրում իրավիճակը՝ պատրաստակամություն հայտնելով իր մասնագետներին ուղարկել Թուրքիա՝ հենց տեղում զինատեսակի բացազատումն ու սպասարկումն իրականացնելու համար։ Այս պարագայում մեծ է վտանգը, որ ռուս մասնագետները կարող են ծանոթանալ թուրքական հակաօդային պաշտպանության ընդհանուր ճարտարապետությանը, որի մեջ կան նաև ՆԱՏՕ-ի միասնական համակարգի մասնիկներ։

Հենց սա է, որ Միացյալ Նահանգներին ստիպում է շատ կոշտ արձագանքել թուրք-ռուսական այս գործարքին ու պարբերաբար վերջնագրեր ներկայացնել Թուրքիային։ Արդեն այսօր հայտնի դարձավ, որ Վաշինգտոնն Անկարային 2 շաբաթ է տվել՝ ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնումից հրաժարվելու համար։ Այդ ընթացքում, ըստ ամերիկյան կողմի, Թուրքիան պետք է չեղարկի Ռուսաստանի հետ գործարքը և գնի ամերիկյան հակահրթիռային պաշտպանության նույնատիպ Patriot համակարգեր։

Վերջնագրի համաձայն՝ եթե Անկարան չհամաձայնի Վաշինգտոնի առաջադրած պայմաններին, ապա նրան կբացառեն ամերիկյան նորագույն F-35 կործանիչների ծրագրից ու այդ ինքնաթիռներից չեն վաճառի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային։ Սակայն այս սպառնալիքները հնարավոր է և «բլեֆ» լինեն, քանի որ որքան մոտենում է ռուսական զինատեսակը թուրքական բանակին հանձնելու պահը, այնքան ավելի սուր են լինելու սպառնալիքները։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ