Թուրքիայի ժողովրդագրական պատկերն ու դրա քաղաքական հետևանքները

Հրապարակող՝

turqia

Ամենադիտվածներ

Թուրքիայի երկարաժամկետ զարգացման առանցքային գործոնը ժողովրդագրությունն է։ Սա այն ոլորտն է, որը փոխվում է դանդաղ, բայց որոշում է պետության ապագա ներքին ու արտաքին քաղաքականությունը։ Վերջին քսան տարիների ընթացքում Թուրքիայում ձևավորվել է մի պատկերը, որը այլևս չի կարելի անտեսել, արևմտյան նահանգներում ծնելիությունը նվազում է, իսկ հարավ–արևելքում՝ հակառակը բարձրանում։
1. Ծնելիության հիմնական տարբերությունները
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ երկրի միջին ծնելիության գործակիցը 2001 թվականին եղել է 2.38, իսկ 2023-ին իջել է մինչև 1.51։
Սա արդեն նշանակում է, որ երկիրը մտել է բնական աճի նվազման փուլ։
Սակայն այս միջին ցուցանիշը ամբողջական պատկեր չի տալիս։
Երկիրը փաստացի բաժանված է երկու ժողովրդագրական գոտիների․
Արևմտյան նահանգներ՝ Ստամբուլ, Անկարա, Իզմիր
ծնելիությունը հիմնականում 1.30–1.45
Հարավ–արևելյան նահանգներ՝ Դիարբեքիր, Վան, Շըրնաք, Մարդին, Բաթման
ծնելիությունը 2.80–3.20
որոշ շրջաններում՝ ավելի բարձր
Այս տարբերությունը չի նվազում, այլ շարունակական բնույթ ունի։ Արդյունքում այն շրջանները, որտեղ ծնելիությունը բարձր է, ժամանակի ընթացքում ստանալու են ավելի մեծ բնակչություն և ավելի մեծ քաղաքական կշիռ։
2. Քրդաբնակ շրջանների ժողովրդագրական դերը
Թուրքիան պաշտոնապես չի հրապարակում էթնիկ տվյալներ, բայց բազմաթիվ անկախ հետազոտություններ (KONDA, IPSOS, Evrensel, UN DESA) նշում են հետևյալը․
• քրդերն այսօր կազմում են մոտ 18–22 տոկոս
• հարավ–արևելքում միջին տարիքը 8–12 տարով ավելի ցածր է, քան երկրի միջինում
• մինչև 18 տարեկանների բաժինը տարվա ամենաբարձր ցուցանիշներից է՝ 33–38 տոկոս։
Այսինքն՝ Թուրքիայի ամենաերիտասարդ և ամենաարագ աճող բնակչությունը գտնվում է հենց հարավ–արևելքում։
Եվ այն համընկնում է այն շրջանների հետ, որտեղ պետությունն ունի տնտեսական հետամնացություն, սահմանային անվտանգություն և երկարակյաց քաղաքական լարվածություն։
3. Ինչու է իշխանությունը փորձում մեղմել քրդական հարցը
Ըստ մեզ վերը նշված տեղեկատվությունը ինքնին բացատրում է վերջին ամիսներին Թուրքիայի վարքագիծը։
Երկիրը չի կարող երկար պահել ուժային ճնշումը այն տարածքներում, որտեղ բնակչությունը մշտական աճի մեջ է, իսկ տնտեսությունը՝ մնացած երկրի հետ համեմատ ավելի թույլ։
Քաղաքական փոխզիջման տարբերակի որոնումը հիմա Թուրքիայի համար դառնում է ժողովրդագրական անհրաժեշտություն։
4. 2035–2050 թթ․ հնարավոր պատկեր
Եթե ծնելիության այս տարբերությունը պահպանվի ներկայիս մակարդակով, ապա առաջիկա տասնամյակներում Թուրքիան կարող է ունենալ հետևյալ պատկերը․
• քրդաբնակ նահանգների ընտրական կշիռը կմեծանա
• Ստամբուլն ու Արևմտյան Թուրքիան կմնան խոշոր կենտրոններ, բայց բնակչության աճի տեմպը կդանդաղի
• հարավ–արևելքի երիտասարդ բնակչությունը կշարունակի աճել և ներսի միգրացիայի հաշվին կաճի նաև արևմտյան քաղաքներում
• երկրի քաղաքական օրակարգը անխուսափելիորեն կդառնա ավելին քան սոցիալական և ներքին կայունության հարց
Այս սցենարը չի նշանակում Թուրքիայի կառուցվածքի կտրուկ փոփոխություն, բայց հետևում է, որ ապագա քաղաքական հավասարակշռությունը այլևս չի կարող հիմնվել 1990–2020 թթ․ գործող մոդելի վրա։
5. Ռազմաքաղաքական հետևանքներ
Ժողովրդագրության այս փոփոխությունները կախված չեն իշխանության կամքից։ Այստեղ պատճառը պարզ է․
• հարավ–արևելքը երիտասարդ է
• ծնելիությունը բարձր է
• պետությունը ստիպված է ներքին լարվածությունը նվազեցնել
• և հարցը տեղափոխել ուժային ճնշման տրամաբանությունից զուտ փափուկ ուժի քաղաքական դաշտ
Սա է այն ճանապարհը, որի վրա կառուցվում են Թուրքիայի ներկայիս քայլերը՝ ուղղված քրդական բնակչության հետ «հաշտեցման» ուղղությամբ լարվածության մեղմացմանը, բանակցային գործընթացների միջոցով, ներքին վերահսկողության այլ տրամաբանության հաստատմանը։
Սույն վերլուծությունը սիրով մեզ է տրամադրել «Թատերաբեմ» ֆեյսբուքյան էջը։

Ամենաթարմ