fbpx
Աշխարհ

Թուրքիայում Bloomberg-ի լրագրողներին ցանկանում են ազատազրկել տնտեսական դրության մասին հոդվածի համար

Թուրքական դատարանը մեղադրական եզրակացություն է ստացել երկրի բանկային ռեգուլյատորից (BDDK), որում ներկայացված էր Bloomberg-ի երկու լրագրողներին և ևս 36 մարդու ազատազրկելու խնդրանքը:

Մեղադրանքը կապված է 2018 թվականի օգոստոսին Bloomberg-ում հրապարակված հոդվածի հետ: Դրանում նկարագրված էին թուրքական լիրայի կտրուկ անկման հետևանքները և այդ առնչությամբ իշխանությունների ու բանկերի արձագանքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Թուրքիայի կենտրոնական բանկի առնչությամբ մտահոգությունը և Վաշինգտոնի հետ երկրի լարված հարաբերությունները հանգեցրել են արժութային ճգնաժամի անցած տարի, որի հետևանքով լիրան կորցրել է շուրջ 30 տոկոս:

Bloomberg-ի լրագրողներ Քերիմ Քարաքայն ու Ֆերքան Յալինկիլիչը մեղադրվում են Թուրքիայի տնտեսական կայությունը խաթարելու փորձի մեջ: Այդ մեղադրանքի հետևանքով նրանց կարող են ազատազրկել 2-5 տարի ժամկետով:

Եվս 36 մարդու ներկայացվել է մեղադրանք այդ հրապարակման շուրջ սոցցանցերում մեկնաբանություններ թողնելու կամ տնտեսական քաղաքականությունը քննադատելու համար:

Առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, հաղորդում է Bloomberg-ը:

«Մենք դատապարտում ենք մեղադրական եզրակացությունը՝ ուղղված մեր լրագրողների դեմ, որոնք ազնվորեն և ճշգրտորեն հաղորդում են կարևոր իրադարձությունների մասին»,-հայտարարել է Bloomberg-ի գլխավոր տնօրեն Ջոն Միքլեթվեյթը: «Մենք լիովին սատարում ենք և կսատարենք նրանց այդ ամբողջ փորձության ընթացքում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ