ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների քննությամբ զբաղվող հատուկ զեկուցող Ագնես Կալամարդը հատուկ խումբ է ձևավորելու, որը զբաղվելու է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում արաբ ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության հետաքննությամբ։ Այս մասին Reuters-ին հայտնել է ինքը՝ Կալամարդը։
Նրան միանալու է ևս երեք հետաքննող, որոնց անուններն առայժմ հրապարակման ենթակա չեն։ Թուրքական կողմն արդեն տվել է համաձայնություն ու շահագրգռված է նոր հետաքննության հարցում, քանի որ դա տարածաշրջանային մրցակից Սաուդյան Արաբիայի վրա ճնշման ևս մեկ միջոց է։ Իսկ Սաուդյան Արաբիան առայժմ պաշտոնական դիրքորոշում չի արտահայտել այս նոր հետաքննության կապակցությամբ։
Սպանությունից որոշ ժամանակ անց արաբական կողմում ընդունել էին, որ սպանությունը կատարվել է հյուպատոսարանում, ու հայտնել էին, որ պատասխանատվության են ենթարկել տասնյակից ավելի մարդկանց։ Սակայն կասկած կա, որ պատժվել են ոչ բոլոր մեղավորները։
Տարածված կարծիքի համաձայն՝ սպանության պատվերը եկել է սաուդցի թագաժառանգից, քանի որ հենց նրան էր ուղղված Խաշըգջիի քննադատությունը։