fbpx
Քաղաքականություն

Կամ Թուրքիան ու Ադրբեջանը Սյունիքի հավակնություններով օգնում են ՌԴ-ին կամ այդ միտքը հերթական ալիբին է ռուսների համար․ Բադալյան

«Կարծիքներ կան, որ Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են հարվածել Սյունիքին, կամ հող են նախապատրաստում, կամ համանման մի բան: Որ Սյունիքը թուրքական պետության ռազմավարական թիրախ է, էստեղ որևէ կասկած չկա: Բայց, երբ խոսվում է հարվածի մտադրության կամ հող նախապատրաստելու մասին, ապա դա նշանակում է խոսել էն մասին, որ Թուրքիան ու Ադրբեջանը թքած ունեն Ռուսաստանի և ՀԱՊԿ վրա, որովհետև Սյունիքը նրանց անվտանգային պատասխանատվության գոտի է, չէ՞: Թե՞ այդպես չէ: Ըստ այդմ տարօրինակ է, որ կարծիք հնչեցնելով, թե թիրախավորում են Սյունիքը, հեղինակները շարունակում են՝ պետք է ավելի խորը հարաբերություն հաստատենք Ռուսաստանի հետ», – այս մասին Facebook-ի իր էջում գրում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

Նա նշում է, որ կասկած չկա՝ անվտանգային հարցում Ռուսաստանը մեր առաջնային աշխատանքի ուղղություններից է, բայց, եթե մենք արդեն իսկ հնչեցնում ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը այսպես, այնպես, ուրեմն դրանով խոստովանում ենք, որ բացարձակ նշանակություն չունի, թե ինչքան խորն ես աշխատում ՌԴ հետ։ «Որովհետև, եթե ՌԴ պաշտպանելու է Սյունիքը՝ դա կանի առանց խորը աշխատանքի էլ, իսկ եթե ոչ՝ ինչքան խորը ուզում եք աշխատեք, չի պաշտպանելու: Որովհետև ռուսներն էլ, ինչպես բոլորը, գնում են ընդամենը իրենց շահի հետևից՝ իրենց կարողության չափով», – գրում է Բադալյանը:

Քաղաքագետը կարծիք է հայտնում, որ, ըստ այդմ, կամ Թուրքիան ու Ադրբեջանը Սյունիքի հավակնություններով ընդամենը օգնում են Ռուսաստանին՝ Հայաստանում առաջ տանել այսպես ասած խորը ինտեգրացիայի միտքը, հասունացնելով այն, կամ այդ միտքը հերթական ալիբին է, որ, եթե ռուսները հերթական անգամ անզոր լինեն դիմագրավել Թուրքիային, պատասխանատվությունը մնա «խորը չինտեգրված» Հայաստանի վրա:

Իսկ իր գրառման վերջնամասում Բադալյանը նշում է, թե ինչ անել։

«Տրամաբանությունը հուշում է, որ հայ հասարակությունը կամ այսպես ասած հասարակական-քաղական, փորձագիտական էլիտան պետք է խոսի Ռուսաստանի պատասխանատվության մասին՝ եթե տասնամյակ շարունակ և առ այսօր հանրությանը համոզում է, որ Թուրքիայից մեզ փրկողը միայն Ռուսաստանն է: Մինչդեռ հայտնվող կարծիքները կամա, թե ակամա Ռուսաստանին են օգնում պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա և մղել ավելի անկյուն, որ փակվի նաև անվտանգային այլ միջազգային ռեսուրս ձևավորելու Հայաստանի հնարավորությունը: Ինչը մեծ հաշվով արել են վերջին մոտ երեք տասնամյակում պարբերաբար», – ավարտում է խոսքը քաղաքագետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ