Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը բրիտանացի պատգամավորներին, որոնք հրաժարվում են հաստատել Միացյալ Թագավորության՝ Եվրամիությունից դուրս գալու համաձայնագիրը (Brexit), նախազգուշացրել է, որ նրանց համար դեռ շատ տեղ կա դժոխքում: Այս հայտարարությունը Տուսկն արել է՝ ավարտելով Brexit-ի շուրջը Եվրամիության գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսը:
Լրագրողները Տուսկին հիշեցրել են նրա՝ սուր բանավեճ հարուցած այն թվիթը, թե «դժոխքում հատուկ տեղ է պատրաստված նրանց համար, ովքեր Մեծ Բրիտանիան մղել են առանց պլանի Brexit-ի»: «Հարկ կա՞ արդյոք այդ հրավերը տարածել այն պատգամավորների վրա, որոնք հրաժարվում են հաստատել Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը»,- հնչել է Եվրախորհրդի ղեկավարին ուղղված հարցը: Տուսկը պատասխանել է. «Հռոմի պապի խոսքի համաձայն՝ դժոխքը դեռ դատարկ է, այնպես որ այնտեղ դեռ շատ տեղ կա», հաղորդել է ՏԱՍՍ-ը: