Ըստ Standard Life կենսաթոշակային ընկերության հրապարակած վերլուծության՝ Մեծ Բրիտանիայից արտասահման տեղափոխվելու ծրագրեր ունեցող թոշակառուները կարող են տարեկան ավելի քան 3,200 ֆունտ ստերլինգի կորուստ ունենալ, եթե ընտրեն այնպիսի երկրներ, որտեղ բրիտանական պետական կենսաթոշակները չեն ինդեքսավորվում։ Թեև Բրիտանիայի քաղաքացիները կարող են ստանալ իրենց պետական կենսաթոշակն աշխարհի ցանկացած կետում, տարեկան ավելացումները գործում են միայն այն պետություններում, որոնց հետ առկա են համապատասխան միջպետական համաձայնագրեր։
Այնպիսի հանրաճանաչ երկրներում, ինչպիսիք են Ավստրալիան, Կանադան և Նոր Զելանդիան, բրիտանական պետական կենսաթոշակները սառեցվում են այն մակարդակի վրա, որը գործել է անձի տեղափոխվելու կամ կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պահին։ Standard Life-ի տվյալներով՝ 2021/22 ֆինանսական տարում շաբաթական 179․60 ֆունտ (տարեկան 9,339․20 ֆունտ) լրիվ կենսաթոշակ ստացող անձը, տեղափոխվելով «սառեցված» կանոններով երկիր, այսօր շարունակում է ստանալ նույն տարեկան գումարը։ Մինչդեռ Բրիտանիայում մնացած կամ ինդեքսավորվող երկիր տեղափոխված թոշակառուի վճարը հասել է շաբաթական 241․30 ֆունտի (տարեկան 12,547․60 ֆունտ)՝ առաջացնելով տարեկան ավելի քան 3,200 ֆունտի տարբերություն։
Նյութը պատրաստվել է aol.co.uk-ի հրապարակած տեղեկությունների հիման վրա։
2022/23-ից 2026/27 թվականների հինգ տարվա կտրվածքով կուտակային կորուստը գերազանցում է 9,500 ֆունտ ստերլինգը։ Standard Life-ի աշխատավայրերի կենսաթոշակների գծով գործադիր տնօրեն Էմմա Ֆերլոնգերը նշել է, որ արտասահման տեղափոխվելուց առաջ շատերը չեն գիտակցում, թե որքան մեծ ազդեցություն կարող է ունենալ բնակության վայրի ընտրությունը կենսաթոշակային եկամուտների վրա։ Նա ընդգծել է, որ բացի պետական կենսաթոշակից, անհրաժեշտ է նախապես ուսումնասիրել նաև մասնավոր կենսաթոշակային խնայողությունների, հարկման և միջոցների հասանելիության կանոնները։
Կենսաթոշակի տարեկան ինդեքսավորումը պահպանվում է Եվրոպական Միության երկրներում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատելու դեպքում։ Մեծ Բրիտանիայի Աշխատանքի և կենսաթոշակների նախարարությունը (DWP) հորդորում է քաղաքացիներին տեղափոխությունից առաջ տեղեկացնել պաշտոնական մարմիններին և ճշտել ընտրված երկրի կարգավիճակը։

