«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս օրերին քաղաքացիների շրջանում կա մտահոգություն՝ կապված թափառող շների քանակի ավելացման, ինչպես նաև հարձակումների հետ: «Դինգո թիմի» համակարգող Գոհար Մանուշյանի հետ զրուցել ենք թե՛ քաղաքացիների մտահոգությունների, ու թե՛ նաև այն ճիշտ ուղղության, որով պետք է առաջնորդվել ոլորտում առկա խնդիրները լուծելու համար: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծել է թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման նպատակով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը: Տարիներ շարունակ կենդանապաշտպան հ/կ-ները բազմիցս բարձրաձայնել են այդ ընկերության, մեղմ ասած, ոչ բարեխիղճ գործունեության մասին: Նման բազմաթիվ հայտարարություններով է հանդես եկել նաև «Դինգո թիմը»:
Գոհար Մանուշյանի խոսքով՝ այսուհետ պետք է լինի միմիայն մասսայական ստերջացում: «Հունվարից արդեն պետք է ՀՈԱԿ լինի (համայնքային ոչ առևտրային կազմակերպություն): Սա նշանակում է, որ այլևս ոչ մի շահույթ հետապնդող կազմակերպություն չի կարող որևէ մասնակցություն ունենալ՝ ամբողջը լինելու է հանրային վերահսկողության տակ: Արվելու են մասսայական ստերջացումներ, կատաղության դեմ պատվաստումներ, ճիճվաթափ, լվաթափ: Հիվանդություններ ունեցող կենդանիներն արդեն հ/կ-ների միջոցով բուժումներ են ստանալու, ագրեսիվների հետ աշխատելու են հատուկ վարժեցնողներ, որպեսզի հասկանանք՝ ի՞նչ խնդիր է: «Յունիգրաֆ-Իքս»-ի տխրահռչակ փորձն այլևս չի լինելու, լինելու է արտասահմանյան փորձը, որի կարևոր կետերից մեկը միմիայն մասսայական ստերջացումն է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մունուշյանը՝ հույս հայտնելով, որ մարզերում ևս ինչ-որ փոփոխություններ կլինեն այս առումով:
Իսկ թե ինչի՞ արդյունքում է տխրահռչակ փորձը բացառվելու, Գ. Մանուշյանը նշեց. «Սկսենք այնտեղից, որ մեր նոր քաղաքապետի շնորհիվ է, որ սառույցը տեղից շարժվեց: Նա շատ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և շատ տեղեկացված է, թե ինչ է կատարվել նախկինում և ինչ պետք է կատարվի հետո: Նաև արտասահմանյան փորձն է ամբողջովին ուսումնասիրել: Այս ընթացքում հ/կ-ների ներկայացուցիչների հետ էլ են հանդիպումներ եղել»:
Մեր զրուցակիցը շեշտեց, որ շատ կարևոր է նաև հանրային վերահսկողությունը. «Լինելու է ՀՈԱԿ-հ/կ-ներ սերտ համագործակցություն: Կենդանապաշտպան կազմակերպություններն առաջին բուժօգնության և մնացած այլ հարցերում միմիայն օգնելու են, որ ամեն ինչ ճիշտ ստացվի»:
Ինչ վերաբերում է շների գլխաքանակի ավելացման և ոհմակների խնդրին, Գ. Մանուշյանը շեշտեց. «Այդ ամենը «Յունիգրաֆ- իքս»-ի՝ տարիներ շարունակ առկա գործունեության ադյունքն է. տարիներ շարունակ միայն փող է լափել և ստերջացումներ չի արել»: Նա ընդգծեց, որ վերոնշյալ փոփոխությունների ու դրան հետևող ճիշտ աշխատանքի շնորհիվ ոհմակային կուտակումները կսկսեն վերանալ:
Ինչ վերաբերում է շների հարձակումներին, նա ընդգծեց, որ դրանք պատահական չեն: «Ոչ մի շուն ուղղակիորեն չի հարձակվի: Այսինքն՝ պետք է լինի բավականին լուրջ պրովոկացիա: Բացի այդ, կան մարդիկ, որոնք շատ են վախենում, ինչի հետևանքով արտադրվում է ադրենալին, որին շները կարող են ռեակցիա տալ: Բայց եթե ոհմակները հստակ աշխատանքների արդյունքում ցրվեն, մեկ կամ երկու շնով երբեք նման վարք ցույց չեն տա, որովհետև նրանք այդ ժամանակ ավելի հանգիստ վիճակում են գտնվում: Բացի այդ աշխատանքներից, բնակչության հետ ևս աշխատանքներ ենք տանելու: Պետք է աշխատանք տանել թե՛ կենդանիների հետ վատ վերաբերվող մարդկանց, թե՛ վախեցողների և թե՛ սիրողների հետ, որ մարդիկ հասկանան, թե ինչպե՞ս պետք է վարվել կենդանիների հետ»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հարցը մեծ հաշվով միայն մասսայական ստերջացման մեջ չէ:
«Կարևոր է նաև բնակչության հետ բացատրական, ուսուցողական աշխատանքը: Այդ առումով արդեն երկար տարիներ մեծ աշխատանք է կատարում «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական ընկերությունը: Պետք է աշխատենք նաև այն ուղղությամբ, որ դպրոցներում այդ բաց դասերն ավելի շատանան»,-ասաց նա:
Որպես արտասահմանյան փորձի օրինակ, Գ. Մանուշյանը նշեց Վրաստանը, ուր փողոցի բոլոր շները պատվաստված են, ստերջացված և հաշվառված:
«Դինգո թիմի» համակարգողը, այնուամենայնիվ, վերջնական և լիարժեք արդյունքի համար կարևորեց կենդանիների պաշտպանության մասին օրենքի անհրաժեշտությունը. «Տարիներ շարունակ մենք պայքարել ենք այդ օրենքի ընդունման համար: Հիմա արդեն հույս ունենք, որ 2019թ. վերջապես ինչ-որ փոփոխություն կլինի, որովհետև եթե օրենք չլինի, կրկին շատ դժվար է լինելու: Օրենքի բացակայության պատճառով շատ ու շատ խնդիրներ են առաջանում: Անօթևան կենդանիների մեծ մասը տան կենդանիներ են եղել կամ ձագեր, որոնք դուրս են արվել տնից: Եթե օրենքը լինի, կկարողանանք կարգավորել թե՛ կենդանիների գլխաքանակի, թե՛ ստերջացումների և թե՛ նշված բոլոր խնդիրները»: