ԱՄՆ-ը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի էներգետիկ հատվածի դեմ՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը Վլադիմիր Պուտինի վրա։ Ըստ Bloomberg-ի՝ այս քայլը կարող է իրականացվել, եթե Ռուսաստանը հրաժարվի ընդունել ԱՄՆ-ի մշակած խաղաղության պլանը։ Նոր պատժամիջոցները կթիրախավորեն «ստվերային նավատորմի» նավերը և առևտրային ընկերությունները, որոնք նպաստում են ռուսական նավթի արտահանմանը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ խաղաղության պլանը դեռևս համաձայնեցված չէ առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են Դոնբասի ճակատագիրը, Զապորոժիեի ատոմակայանի կարգավիճակը և Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների ապագան։ Պլանում ներառված է նաև եվրոպական զինվորականների տեղակայումը Ուկրաինայում, ինչը Ռուսաստանը նախկինում մերժել է։
Նախորդ պատժամիջոցները, որոնք թիրախավորել էին «Ռոսնեֆտ» և «Լուկօյլ» ընկերությունները, զգալի ազդեցություն չեն ունեցել ռուսական նավթի արտահանման վրա, սակայն Urals տեսակի նավթի գները կտրուկ նվազել են։ Նոր պատժամիջոցների կիրառումը դեռևս քննարկման փուլում է և կախված է Դոնալդ Թրամփի վերջնական որոշումից։

