Հունիսի 14-ին Ազգային ժողովոի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր նաև «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի առաջարկած նախագիծը, ըստ որի, ուսման վարձը կփոխհատուցվի եկամտային հարկով: Հարցի քննարկումը բավականին կարճ է տևել:
Պատգամավորներից ոմանք հարցեր ունեին, բացի դրանից՝ նախագծի հեղինակները 11 առաջարկություններ էին ներկայացրել, որոնք, սակայն, քննարկելու հնարավորություն չկար, քանի որ աշխատակարգը թույլ չէր տալիս: Այսօր պետք է տեղի ունենար քվեարկություն:
«Ես ևս մեկ անգամ հիշեցնեմ, ես խոսել եմ նախագծի հեղինակների հետ, առաջարկել եմ հետ վերցնենք, նորից գնանք հերթականությամբ, սակայն առաջարկել են, որ սեղմ ժամկետներում բերվի, նաև գիտակցել են, որ չի լինելու հնարավորություն այսօրինակ քննարկումներով կետ առ կետ գնալ, բոլոր ռիսկերը հաշվի առել են, հասկանում եմ, որ ասելիք ունենք, բայց, ցավում եմ, ձեր ասելիքը քվեարկությամբ կարող եք միայն արտահայտել: Երբ ես առաջարկում էի, որ նախագիծը հետ կանչվի, հիմնական նպատակը նորից քննարկելն էր, սակայն նախագծի հեղինակները դիմեցին, որ հնարավորինս սեղմ ժամկետում առաջարկները ներկայացվեն», ասաց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: