Իրավական

Վաղ կենսաթոշակից օգտվելը կես քայլ կլինի ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու համար․ Բադասյան

Վաղ կենսաթոշակի օրենքից օգտվելու ժամանակ դեռ կա։ Այս պահին որևէ մեկը չի կարող ասել՝ այն աշխատե՞ց, թե՞ ոչ։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Եթե որևէ մեկը վաղ կենսաթոշակի չդիմի, ապա դրանից որևէ տրագեդիա չի լինի, և հակառակը։ Ես ասել եմ, որ դատական համակարգում առկա ընդհանուր ճգնաժամը պետք է լուծվի սահմանադրական փոփոխություններով, որովհետև հիմա ինչ լուծում էլ գտնենք, այն չի կարող 100 տոկոսով վերականգնել դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը։ Մենք ասել ենք՝ ինչ քայլեր ենք արել ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու համար, չեմ բացառում, որ այլ քայլեր ևս կլինեն»,-ասաց Բադասյանը։

Նա նաև ընդգծեց, որ, եթե ՍԴ դատավորներից որևէ մեկն օգտվի վաղ կենսաթոշակի մասին օրենքից, ապա այն կես քայլ կլինի ճգնաժամը հանգուցալուծելու համար, սակայն դա ճգնաժամի լուծում չէ։

«Որքան շուտ ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծվի, այնքան արագ բնականոն հուն կվերադառնանք»,-հավելեց նա։

Հարցին՝ ո՞վ է որոշել, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա, քանի որ ՍԴ դատավորները հայտարարում են, որ այնտեղ բնականոն աշխատանքային մթնոլորտ է, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ հարցին բազմիցս անդրադարձել է, թե ճգնաժամ ասելով՝ իրենք ինչ նկատի ունեն։

«Չեմ կարծում, որ այդ ամենը կրկին կրկնելու խնդիր կա»,- շեշտեց նախարարը։

Արդարադատության նախարարը չբացառեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո կարող է ձևավորվել նոր Սահմանադրական դատարան։

Լրագրողի դիտարկմանը, որ, երբ ներկայիս իշխանությունն ասում է, թե նախորդ Սահմանադրությունը խայտառակություն էր, ապա չպետք է մոռանան, որ այսօր այդ Սահմանադրության շնորհիվ են եկել իշխանության, Ռուստամ Բադասյանն արձագանքեց, որ իրենք իշխանության են եկել հասարակության վստահության քվեի արդյունքում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ