Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, սույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը։ Այս մասին հայտնել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նրա խոսքով՝ դիմումը քննարկվել է քննիչի կողմից, և որոշում է կայացվել մերժել այն անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Ավելի վաղ պաշտպանը ասել էր, որ Հարությունյանն իր բժիշկների հետ քննարկում է ՀՀ վերադառնալու հարցը, որին խանգարող հանգամանքը նրա նկատմամբ հայտարարված հետախուզումն է: Ըստ այդմ՝ պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել էր Գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին, որպեսզի այն վերացվի, և Հարությունյանը վարույթ իրականացնող մարմնին ներկայանալու համար ժամանի ՀՀ:
Հարությունյանի նկատմամբ մեկ տարուց ավելի է, հետախուզում է հայտարարված: Ի սկզբանե նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանավորումը, որը այս պահին վերացված է։
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը սկզբում որպես մեղադրյալ էր ներգրավվել՝ Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու համար։ Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը մեղադրյալ է ներգրավել նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։
Աղբյուրը՝ Armtimes.com

