fbpx
Կրթություն

Վահրամ Սողոմոնյանը ահազանգում է հայտնի մեդիայի ու թաքնված ցանցերի կողմից իր դեմ ուղղված արշավի մասին

Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի կառավարման խորհրդի անդամ Վահրամ Սողոմոնյանն ահազանգում է հայտնի մեդիայի ու թաքնված ցանցերի՝ իր դեմ ուղղված արշավի մասին, որի վերաբերյալ կիսվել է իր Facebook-ի էջում, որտեղ մասնավորապես ասվում է.

«Ինչպես է աշխատում հին ցանցը դպրոցի խորհրդի անդամի դեմ

Քանի որ հայտնի մեդիան ու թաքնված ցանցերը հանգիստ ինչ ուզում անում են, ապա ստիպված եմ իմ դեմ ուղղված արշավի մասին երկու խոսք գրել: Ծնողների հետ պայմանավորվել ենք, որ դպրոցի վիճակի մասին առանձին ու մանրամասն կխոսենք:

Այսօր pastinfo․am լրատվականը հրապարակել է «Սորոսականները փորձում են մուտք գործել դպրոցներ. թիրախում Երևանի ամենահին ու բարեկարգ դպրոցներից մեկն է» վերտառությամբ հոդված:

Հոդվածը վերաբերում է Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում վերջերս տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ որպես դպրոցի կառավարման խորհրդի անդամ իմ կողմից արձանագրված խնդիրներին, որոնք արձանագրված են նոյեմբերին տեղի ունեցած տեսչական ստուգման ակտում ու ծնողների գրած նամակներում։

Նախ ասեմ, թե ինչո՞ւ է հատկապես այս լրատվամիջոցն անդրադառնում դպրոցում տեղի ունեցողին։
pastinfo.am կայքի խմբագիրը Սոնա Տռուզյանն է։ Վերջինս ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման տարիներին (2004-2013թթ․) եղել է դատախազության մամուլի քարտուղար։ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանի հայրը՝ Արմեն Աշրաֆյանը դեռևս 1999 թվականից մինչ 2011 թվականը՝ կենսաթոշակի տարիքը, աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում, վերջին տարիներին՝ որպես ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ։ Լիանա Աշրաֆյանի քույրը՝ Նելլի Արմենի Աշրաֆյանը ներկայիս դատախազ է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում։

Այսպիսով, pastinfo.am կապը առնվազն անուղղակի կապ ունի Լիանա Աշրաֆյանի ընտանիքի 2 անդամի հետ։ Այս օրերին դպրոց են այցելել նաև 5-րդ ալիքից, Մեդիամոլից և այլ պարզ է թե ինչ կայքերից:

Այժմ դիտարկեմ հոդվածը հատվածական և վերլուծենք այն մանիպուլյատիվ թեզերը, որոնք առաջ են քաշվում վերջինումս։
«Վահրամ Սողոմոնյանը հակաքարոզչություն է սկսել՝ մայրաքաղաքի լավագույն դպրոցներից մեկի դեմ»
Հոդվածի սկզբում արդեն իսկ դպրոցի կառավարման խորհրդի անդամի կողմից օրենքով սահմանված վերահսկողությունը դիտարկվում է որպես հակաքարոզչություն։ Հոդվածագիրը իմ կողմից խնդիրների արձանագրումը ներկայացնում է որպես «հակաքարոզչություն» և այդ տերմինով փորձում է ընթերցողի մտապատկերում խեղաթյուրել կառավարման խորհրդի անդամի դերը։

Նյութում նշվում է, թե օրենսդրության պահանջն է՝ դպրոցի կառավարման խորհրդի անդամները, տնօրենի մրցույթի հայտարարումից հետո պետք է զսպվածություն դրսեւորեն եւ չներգրավվեն որեւէ թեկնածուի օգտին քարոզչության կամ հակաքարոզչության մեջ, Վահրամ Սողոմոնյանը սակայն, սոցիալական ցանցում՝ իր ֆեյսբուքի էջում անուղղակիորոն հակաքարոզչություն է սկսել դպրոցի տնօրենի ԺՊ Արմինե Գրիգորյանի, նախկին տնօրենի դեմ։

Հոդվածագիրը այս դեպքում չի դիտարկում ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի 1392-Ն որոշումը, որի 4-րդ գլխի 33-րդ մասի 1-14-րդ կետերով հստակ սահմանվում է, որ կառավարման խորհուրդը պետք է վերահսկի դպրոցի տնօրենի գործունեությունը։ Հաշվի առնելով այն, որ Լիանա Աշրաֆյանի տնօրենի պաշտոնում ընտրվելուց՝ 2014 թվականից հետո խորհրդի կազմը փոփոխվել է, ապա նոր խորհրդի անդամն ունի լիազորություն ծանոթանալու բոլոր փաստաթղթերին, հատկապես այն դեպքում, երբ պետք է ընտրի տնօրեն, իսկ տնօրեն ընտրելու համար պետք է ծանոթ լինել դպրոցում նախորդ տնօրենի շրջանում կատարված ողջ փաստաթղթաշրջանառությանն ու գործունեությանը։

Այն ինչը սահմանվում է նշված 1392-Ն որոշման 33-րդ մասի 2-րդ կետով՝ տնօրենի գործունեության նկատմամբ իրականացնում է ընթացիկ վերահսկողություն իրականացնելը, ամրագրված է օրենքով։

Կառավարման խորհրդի անդամ Չոբանյանը լրագրողին ասում է, որ հոգնել է նիստերից:

Կառավարման խորհրդի անդամ Թագուհի Չոբանյանը, ով նույն դպրոցում անգլերենի ուսուցչուհի է, նշում է․
«Մենք հոգնել ենք էդ նիստերից, առաջին իսկ օրվանից ես նկատել եմ, որ ինքը միտում ունի ու ինչ-որ մեկի համար է աշխատում այստեղ, չեմ զգացել սրտացավություն, որ եկել է՝ օգնելու իր իսկ դպրոցին»։

Կառավարման խորհրդի անդամի խոսքերից կարող ենք նկատել, որ հենց ինքը «սրտացավություն» չունի դպրոցի նկատմամբ, քանի որ ըստ վերոնշյալ որոշման մեջբերված հատվածի՝ չի ցանկանում իրականացնել վերահսկողություն և կատարել իր պարտականությունները՝ օրենքով սահմանված կարգով։

Ուսուցիչների հեղինակության խնդիրն է

Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի դասվար Ազնիվ Ավետիսյանը նշում է, որ նյութեր են հրապարակվում, թե նման պայմաններում որակյալ կրթություն չեն կարող ապահովել։
Այստեղ տիկին Ավետիսյանը ուշադրություն չի դարձնում այն հանգամանքին, որ խնդիրները բարձրաձայնվում են աշակերտների ծնողների կողմից։ Դպրոցի հիմնական շահառուները աշակերտներն են և հանրակրթական ուսումնական հաստատությունը գործում է աշակերտների համար որակյալ կրթություն ապահովելու նպատակով։

Անդրադառնալով վերնագրին կարող ենք նշել, որ շոշափվում են հասարակության համար զգայուն թեզ՝ «սորոսականներ»։ Հասարակության շրջանում արդեն իսկ Սորոսի կերպարը դեմոնիզացված (հրեշացված) է։ Վերնագրում «սորոսական» եզրույթի օգտագործման նպատակը հասարակության շրջանում Սորոսի նկատմամբ ստեղծված վերաբերմունքը տարածելն է հանրակրթության ոլորտում իրական բարեփոխումներ ցանկացողների և կոռուպցիան կանխարգելողների նկատմամբ ևս։ Անկախ այն հանգամանքից թե ով է պահանջում հաշվետու, մասնակցային և թափանցիկ գործելակերպ, նրան ներկայացնում են որպես «սորոսական», ինչը փոխարինում է հրեշավոր մի թշնամու կերպարին։

Եվ վերջում նշեմ, որ այս օրինակով ակնհայտ երևում է, թե խորքային պետությունը, հին ցանցերն ու մեդիան ինչպես են թիրախավորում փոփոխության ուժերին՝ վնասելով հեղափոխության հիմքերը: Լինի դա դպրոցում, պետական ապարատում, թե դատական համակարգում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality»

https://www.facebook.com/vahramsog/posts/10157112475173137

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ