fbpx
Առողջապահություն

Վանաձորի ԲԿ-ում հոսպիտալացված աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով 2 երեխայի բուժումը շարունակվում է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2021թ. հունիսի 19-ին «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացվել է աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) 16 քաղաքացի, որից 10-ը երեխա է, 6-ը՝ մեծահասակ: Հիվանդների վիճակը գնահատվել է ծանր և միջին ծանրության, հիվանդներից 2-ը, ում վիճակը գնահատվել է ծանր, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»:

Ներկա պահին «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացված հիվանդները դուրս են գրվել, իսկ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում հոսպիտալացված 2 երեխայի բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Դեպքի կապակցությամբ իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները Տավուշի մարզի Չինչին համայնքի բնակիչներ են, ովքեր մեկնել են Լոռու մարզ՝ էքսկուրսիայի: Ճամփորդության ընթացքում մասնակիցները կերել են տնային պայմաններում պատրաստված սնունդ՝ հավի եփած թևիկներ և հավի մսով փլավ: Նշված սնունդը էքսկուրսիայի ամբողջ ընթացքում պահպանվել է ոչ սառնարանային պայմաններում: Սննդից չի օգտվել միայն վարորդը, վերջինս ախտանշաններ չունի։

Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում կատարվել է հիվանդներից կենսանմուշների (փսխման զանգված և կղանք) և սննդի մնացորդների նմուշառում՝ մանրէաբանական հետազոտության նպատակով:

Հաշվի առնելով, որ շոգին մարդիկ հանգստանալու նպատակով հաճախ են լինում բացօթյա տարածքում կամ ճամփորդում, առողջապահության նախարարությունը զգուշացնում և հորդորում է՝ հանգիստը ճիշտ ու անվտանգ կազմակերպելու համար պահպանել մի շարք կարևոր կանոնններ.

• երեխաներին մի՛ տվեք այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են երշիկ, ապուխտ, միս, հավ, ճարպ, պանիր, ձու, եթե չունեք սառնարան կամ այլ հարմարություն՝ նշված մթերքները թարմ պահելու համար,

• խուսափե՛ք աղցաններ օգտագործելուց, որոնք շոգ եղանակին շատ արագ փչանում են և կարող են ծանր թունավորման պատճառ դառնալ,

• ավտոմեքենայում սննդամթերքը մի՛ պահեք մեկ ժամից ավելի,

• խուսափե՛ք հատապտուղներից և այնպիսի միրգ ու բանջարեղենից, որոնք արագ են փչանում՝ խաղող, բալ, դեղձ և այլն, գերադասելի են գազարը, տանձը և խնձորը,

• կերե՛ք միայն որակյալ և համաճարակային տեսանկյունից անվտանգ սնունդ,

• խորոված պատրաստելիս անպայման հետևեք, որպեսզի միսը լավ եփվի (ապահովե՛ք լրիվ թերմիկ մշակումը),

• օգտագործե՛ք անձնական կամ մեկանգամյա օգտագործման սպասք և հիգիենայի պարագաներ,

• խմե՛ք միայն մաքուր ջուր՝ եռացրած կամ շշալցված, խուսափե՛ք բնական աղբյուրների ջրից,

• ստեղծե՛ք պայմաններ հաճախ լվացվելու (ամեն ուտելուց առաջ և զուգարանից հետո) և միրգն ու բանջարեղենը հոսող ջրով լվանալու համար,

• մի՛ լողացեք անծանոթ և կասկածելի ջրամբարներում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ