Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը կիսավեր, լքված և անմխիթար վիճակում է։ Գանձախույզների ու վատ կլիմայական պայմանների պատճառով մեծապես վնասված համալիրն այսօր վերականգնման ու խնամքի կարիք ունի։
Թովմաս առաքյալի մասունքների ամփոփման նպատակով 11-րդ դարում կառուցված եկեղեցին գտնվում է Վանա լճի անմիջական հարևանությամբ՝ 2․000 մետր բարձրությամբ բլրի գագաթին։
Վանի Գևաշի (Ոստան) շրջանի Ալթընսաչ գյուղի մոտակայքում գտնվող վանական համալիրի հեռավորությունը Վանա լճից կազմում է 80մ, Վան քաղաքից՝ 75կմ, իսկ Գևաշի շրջանից՝ 40 կմ։ Այստեղ կարելի է հասնել և ցամաքով, և նավերով։
Կիսավեր լինելու պատճառով այսօր նաև զբոսաշրջիկների կողմից անտեսված պատմական կառույցը վերականգնվելու և համապատասխան խնամքի դեպքում կարող է զբոսաշրության կարևոր կենտրոնի վերածվել։
Չնայած թուրքական իշխանություններին ուղղված բազմաթիվ կոչերին, վանական համալիրը բարեկարգելու և պահպանելու համար դեռևս ոչ մի միջոցներ չեն ձեռնարկվել: