fbpx
Իրավական

Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսումների գործը կարճվել է

NEWS.am-ի հարցին ի պատասխան` ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնել է, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է:

Նա հավելել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հարուցված քրեական գործով վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (հանցակազմի բացակայություն) կարճվել է:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունները ապօրինի ձայնագրառելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործին, ապա սրանով նախաքննությունը շարունակվում է: Այս գործով 3-ն էլ ճանաչվել են որպես տուժող եւ հարցաքննվել:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային մամուլում տվյալներ էին հրապարակվել ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին, որում հղում էր կատարվել youtube.com-ում տեղադրված ձայնագրությունը: Հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրությունում Արթուր Վանեցյանը եւ Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում էին «Մարտի 1-ի» գործը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ