Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հուլիսի մեկին հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խմբի անդամներին:
Վարչապետը ողջունել է մարդասիրական առաքելություն իրականացրած խմբի անդամներին և շնորհակալություն հայտնել նրանց՝ առաքելությունը բարեհաջող իրականացնելու համար: «Այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունը Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ շատ կարևոր որոշում կայացրեց, որն, իհարկե, բազում քննարկումների առիթ դարձավ՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական: Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել, որ այդ առաքելության ամենակարևոր և թերևս միակ բովանդակային կողմը դա մարդասիրական առաքելությունն է»,-նշել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս առաքելությունը նույնիսկ պատմական է համարում, որովհետև այն մեր ազգային հարգանքի, տուրքի մատուցումն է Սիրիայի ժողովրդին, ովքեր 1915 թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին ապաստան են տվել:
«Կարծում եմ, որ այս պատկերը շատ կոնկրետ արտահայտում է այն մեծ բարոյական և պատմական առաքելությունը, որ դուք և ձեր դեմքով և նաև մեր այս պահին այնտեղ գտնվող առաքելության ներկայացուցիչների տեսքով Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է»,-ասել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետը ներկայացրել է առաքելության ընթացքում արձանագրված արդյունքը՝ թվերով. այս ընթացքում, հայաստանյան առաքելության կողմից ականազերծվել է, մասնավորապես, 27 հազար 510 քմ տարածք, վիրաբուժական օգնություն է ցուցաբերվել 241 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ցուցաբերվել 626 քաղաքացու, իրականացվել է 1067 կլինիկա-լաբորատոր հետազոտություն:
«Սրանք իսկապես թվեր են, որոնց արժեքն առաջին հերթին գիտեն այս թվերի հետևում կանգնած մարդիկ, այն մարդիկ, ում կյանքի որակը որոշակի փոփոխություն է կրել այդ առաքելության կատարման ընթացքում: Իհարկե, մեր առաքելության մեջ շատ կարևոր տեղ է զբաղեցնում նաև Հալեպի մեր հայրենակիցների անվտանգության ապահովումը, նաև Հալեպի հայկական մշակութային ժառանգության անվտանգության ապահովումը: Սա նաև խորհրդանիշն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, տեր է հայ ժողովրդի թողած մշակութային ժառանգությանը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև նրա տարածքից դուրս»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է նաև, որ շատ բարձր է գնահատում այն աջակցությունը, որ այս առաքելության իրականացման ընթացքում ցուցաբերել է Ռուսաստանի Դաշնությունը:
«Եվ շատ կարևոր եմ համարում, որ բոլորովին վերջերս Հայաստանի պաշտպանության նախարարությունը ՄԱԿ-ի կենտրոնակայանից ստացել է պաշտոնական նամակ, որով Միացյալ ազգերի կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությանը շնորհակալություն է հայտնում Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու կապակցությամբ: Սկսած սիրիական ճգնաժամի ծագումից, բռնկումից, Հայաստանի Հանրապետությունն անտարբեր չի եղել Սիրիայի բարեկամ ժողովրդի և պետության ճակատագրի նկատմամբ: Այս ընթացքում 2016թ., 2017թ., 2018թ. Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա, և մենք, իհարկե, մեր դիրքորոշումը շատ հստակ ենք գծագրել, մենք Սիրիային և նրա ժողովրդին ցանկանում ենք խաղաղ կյանք, ցանկանում ենք, որպեսզի ճգնաժամն օր առաջ հաղթահարվի և ցանկանում ենք, որ սիրիացի ժողովուրդն օր առաջ վերադառնա խաղաղ կյանքի»,-նշել է գործադիրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել մարդասիրական առաքելություն իրականացրած խմբի անդամներին և հաջողություն մաղթել այս պահին Սիրիայում առաքելություն իրականացնող մեր հայրենակիցներին, բժիշկ մասնագետներին, սակրավորներին, մյուս մասնագետներին: «Ուզում եմ ընդգծել, որ ահա այս վերաբերմունքը և դիրքորոշումը Սիրիայի Արաբական Հանրապետության, սիրիացի բարեկամ ժողովրդի նկատմամբ չի փոխվելու, և մենք ամեն ինչ կանենք մեր աջակցությունը ցուցաբերելու ճգնաժամի կարգավորմանը, առաջին հերթին ես նկատի ունեմ հումանիտար ճգնաժամը, որովհետև ինչպես արդեն ասացի, մեր առաքելությունը մարդասիրական առաքելություն է»,-ասել է վարչապետը:
***
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած առաջին խումբը Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ) է մեկնել փետրվարի 8-ին: Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալել են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Հայաստանից երկրորդ խումբը մեկնել է Սիրիա հունիսի 16-ին, այնտեղ իր առաքելությունն իրականացնելու է 4 ամիս: