Գործող վարչախմբի «թեթեւ ձեռքով» վերջին տարիներին Հայաստանում արժեզրկվել է նաեւ այնպիսի հիմնարար հասկացություն, ինչպիսին է «պետությունը»։ Հանրային դաշտում այս տերմինը կամաց-կամաց կորցնում է բովանդակությունը, որովհետեւ իշխանական խոսույթն այն կիրառում է իրավիճակային արդարացումների ու իր նեղկլանային շահերի համար։ Նկատենք, որ պետության անունից արվող ցանկացած կեղծարարություն երբ գիտակցվում է հանրային զանգվածների կողմից, դա որքան վնաս է հասցնում այդ կեղծարարությունը բանեցնողներին, նույնքան էլ ազդում է պետության մասին հանրային ընկալումների վրա։
Սակայն, գործող իշխանությունները շարունակում են ապականել «պետություն» հասկացությունը, քանի որ դեռեւս մեծ են այն շերտերը, որոնց հնարավոր է մանիպուլացնել։ Պետության մասին հանրային պատկերացումների այս աղճատումը իշխող վարչախմբին հնարավորություն է տալիս իր կողմից զոհաբերվող պետական շահերը ներկայացնել որպես Ադրբեջանի հետ խաղաղ ապագա կառուցելու գործում կարեւոր ձեռքբերումներ, իսկ բացահայտված կեղծիքներն ու կորուստները՝ որպես բարեփոխման գործընթացում անխուսափելի սխալներ, որով իբրեւ թե անցնում են բոլոր պետությունները։
Հենց դա է պատճառը, որ վերջին շրջանում Փաշինյանը սկսել է առավել ինտենսիվ օգտագործել «պետություն» հասկացությունը՝ այն ծառայեցնելով ներքաղաքական օրակարգերին։
Նկատենք, որ մեր հանրությունը միշտ ունեցել է սուր ընկալում պետության հարցում, եւ վարչապետը օգտվում է այդ զգայունությունից։ Նա փորձում է «պետության» գաղափարը հակադրել այն ինստիտուտներին, որոնք չեն տեղավորվում իր նպատակների մեջ։ Այդ հակադրության ակնառու օրինակն այսօր եկեղեցու շուրջ արհեստականորեն ստեղծված լարվածությունն է։ Փաշինյանը ներկայացնում է պատմական գործընթացներն այնպես, որ կարծիք ձեւավորվի, թե եկեղեցին միշտ էլ ենթարկվել է պետական իշխանությանը եւ այժմ էլ պետք է նույն կերպ շարունակի։
Այսօր հստակ նկատելի է, որ հանրային մտքի այս ձեռնածությունները քաոս են ստեղծում մեզանում։ Քանի որ հանրության մեծ մասը բացասաբար է վերաբերվում Փաշինյանի անձին, նրա ցանկացած ձեւակերպում ընկալվում է կասկածանքով։ Մարդիկ սկսում են որոնել հակափաստարկներ, վիճարկել պատմական դրվագները, եւ այդ գործընթացում պաշտպանելով եկեղեցուն՝ հաճախ անգիտակցաբար հակադրվում են հենց «պետություն» գաղափարին։ Այսպիսով, «պետության» գաղափարի թուլացումը տեղի է ունենում հենց իշխանության նախաձեռնած մանիպուլյացիայի արդյունքում։ Իշխող խմբավորմանը սկսում են պաշտպանել նրան կուրորեն հետեւող շերտերը։ Եկեղեցուն սկսում են պաշտպանել վարչախմբին մերժող շատ շերտեր։ «Պետության» գաղափարի պաշտպանությամբ սկսում են հանդես գալ այլ խմբեր։ Այսպես հանրությունը բաժանվում է մի քանի սեգմենտների, ովքեր միմյանց դեմ կռիվ են տալիս՝ վիճելով ինչ-որ կեղծ օրակարգերի շուրջ։
Արդյունքում հանրությունը կորցնում է ուժեղ պետության չափանիշները եւ չի կարողանում հասկանալ, թե ինչ ինստիտուցիոնալ հիմքերի վրա է կառուցվում պետականությունը։ «Պետության» գաղափարի թուլացումը հատկապես վնասակար է մի երկրում, որտեղ անվտանգային ու ինստիտուցիոնալ մարտահրավերները մշտական են։ Երբ քաղաքացու կապը պետության հետ սահմանվում է ոչ թե օրենքով, ինստիտուտներով ու հանրային պայմանագրով, այլ իշխանության մանիպուլյացիոն օրակարգերով, պետությունը կորցնում է իր ամենակարեւոր հենարանը՝ հանրության գիտակցված հավատարմությունը «պետության» գաղափարին։

