Հոկտեմբերի լույս 22-ի գիշերը, ժամը 01.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ Վարդաշենի 2-րդ փողոցի 2-րդ շենքի 5-րդ բնակարանում սպանություն է եղել: Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ու քննչական կոմիտեի աշխատակիցներ, որոնք հիշյալ բնակարանում հայտնաբերեցին 1955 թվականին ծնված տանտիրուհու դին։ Դիակի զննությամբ մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ պարանոցին, հայտնաբերվեցին կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ։
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Նշանակվեցին փորձաքննություններ։ Առանձնապես ծանր հանցագործությունը կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։
Օպերատիվ և համագործակցված աշխատանքի շնորհիվ պարզվեց սպանությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 46-ամյա տղամարդու հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 23-ին կասկածվողը ինքնակամ ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին։
Հանգամանքները պարզվում են։
Նախաքննությունը շարունակվում է։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։