Մոսկվան հուսով է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը «տղամարդկություն» կունենա` ԱՄՆ-ի կողմից շանտաժին և ճնշումներին դիմակայելու համար, և ինքնուրույն որոշումներ կկայացնի: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:
РИА Новости-ն հիշեցնում է, որ հոկտեմբերին Երևան է ժամանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Լրագրողների հետ հանդիպմանը նա՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, նշել է, որ «ամերիկյան զենքն ամեն դեպքում լավն է, քան ռուսներինը»: Բոլթոնը նաև խորհուրդ է տվել Երևանին «ազատվել պատմական կաղապարներից» իր միջազգային հարաբերություններում:
«Այս տարի երկրում տեղի ունեցած արմատական փոփոխությունների ֆոնին՝ Վաշինգտոնի միջամտությունը ներքին և արտաքին հարցերում ավելի անտակտ է դառնում», – ասել է Կարասինը:
Դիվանագետի խոսքով՝ Բոլթոնը վիրավորական կերպով հայ ժողովրդի պատմական փորձն անվանել է «պատմական կաղապար», նաև կարգադրել է Հայաստանին գնել ամերիկյան զենք և հնարավորինս շուտ միանալ հակաիրանական պատժամիջոցներին:
«Եթե այդպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների հանրային կողմը, ապա կարելի է միայն պատկերացնել, թե ինչ տեսակի «ձեռք կապոցի է» տեղի ունենում կուլիսներում», – ասել է Կարասինը:
«Հուսով ենք, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը ստացել է խորհրդարանի ընտրություններում անհրաժեշտ մանդատ, իր մեջ տղամարդկություն կգտնի արտաքին շանտաժին և ճնշմանը դիմակայելու համար, կպաշտպանի ինքնիշխան իրավունքն ինքնուրույն որոշումներ կայացնելու համար` ազգային շահերին համապատասխան», – ընդգծել է փոխնախարարը: