fbpx
Աշխարհ

Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան

Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:

Հնարավո՞ր է Հայաստան-Ադրբեջան բարձր մակարդակի ուղիղ բանակցություն՝ առանց միջնորդների, արդյոք ռիսկայի՞ն է այդ ձևաչափը Հայաստանի համար: Ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում արևմտյան միջնորդությունը, ինչո՞ւ է Վաշինգտոնը բավարարվում միայն Բաքվի հասցեին կոշտ հայտարարություններով ու պատժամիջոցներ չի նախաձեռնում. այս հարցերի շուրջ 1lurer.am-ի թղթակիցը զրուցել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ:

– Պարո՛ն Կիրակոսյան, Ձեր կարծիքով՝ Հայաստանը և Ադրբեջանը կարո՞ղ են խաղաղության պայմանագրի շուրջ վերջնական համաձայնության հասնել ուղիղ բանակցությունների միջոցով՝ առանց միջազգային միջնորդության՝ հաշվի առնելով երկկողմ բանակցություններ սկսելու Բաքվի վերջին առաջարկը:

– Հայաստան-Ադրբեջան բանակցությունների միակ իրատեսական տարբերակն Արևմուտքի միջնորդությամբ է: Արտաքին ներգրավվածությունը շատ կարևոր է, քանի որ Ադրբեջանը շարունակում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, պահպանում է իր առավելապաշտական մոտեցումը և առճակատման է գնում` ելնելով դիվանագիտությունը մերժելու դիրքերից: Անկախ նրանից, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ «խաղաղության պայմանագիրը» վերջնական ինչ տեսք կունենա, կա երկու կարևոր հիմնախնդիր:

Առաջին մարտահրավերն այն է, որ չկա (այդ դեպքում՝ չի լինի) խաղաղության պայմանագրի միջազգային երաշխավոր, ինչը նշանակում է, որ չկա (այդ դեպքում՝ չի լինի) իրական երաշխիք, որ Ադրբեջանը կկատարի խաղաղության պայմանագրի պայմանները կամ հավատարիմ կմնա դրանց: Ինչպես ոչինչ չի զսպում Ադրբեջանին Հայաստանի դեմ ուժ կիրառելուց, այնպես էլ Ադրբեջանը չի ենթարկվի ճնշումների կամ չի վճարի որևէ գին խաղաղության պայմանագրի պայմանները չկատարելու դեպքում:

Երկրորդ խոչընդոտը խաղաղության որևէ պայմանագրի ստորագրմանը «հաջորդող օրն» է: Քիչ հավանական է, որ Ադրբեջանը կանգ կառնի կամ կբավարարվի պայմանագրով և չի շարունակի ավելին պահանջել Հայաստանից: Այդ համատեքստում Ադրբեջանը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամենանշանակալից սպառնալիքը։

– Ըստ Ձեզ՝ ինչո՞վ էր պայմանավորված նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում արտաքին գործերի նախարարներ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը մերժելու Բաքվի որոշումը:

– Նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նշանակված հանդիպումից հրաժարվելու որոշմամբ Ադրբեջանը լուրջ սխալ հաշվարկ և ռազմավարական սխալ է թույլ տվել՝ երկու հիմնական պատճառով. նախ` Բաքվի կողմից հանդիպումը բոյկոտելուն նախորդել էր Բրյուսելում և Գրանադայում հանդիպումներից հրաժարվելը: Այս վերջին մերժումը հիասթափություն է առաջացրել Արևմուտքում` թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում: Արևմուտքի հիասթափությունը նշանակում է նաև, որ Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումը շատ ավելի քիչ է հանդուրժվում:

Երկրորդ պատճառը, որը Վաշինգտոնին զայրացնելու հարցում Ադրբեջանը սխալ հաշվարկ էր արել, հետևյալն է. որքան էլ բարդ է հետպատերազմական իրականությունը Հայաստանի համար, Ադրբեջանը զգալիորեն կորցրել է իր նախկին կարևորությունն ԱՄՆ-ի համար: ԱՄՆ-ի համար Ադրբեջանի ռազմավարական նշանակության նվազումը պայմանավորված է Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերմամբ, ինչը նշանակում է, որ հզոր ու ազդեցիկ Պենտագոնն այլևս չունի Ադրբեջանի հետ համագործակցության կարիքը` որպես աֆղանական թատերաբեմին կապող ռազմական «օդային միջանք»:

– Ադրբեջանն ԱՄՆ-ին մեղադրում է հայամետ դիրքորոշման համար, ըստ Ձեզ, որքանո՞վ է հայամետ Վաշինգտոնի քաղաքականությունը:

– ԱՄՆ-ի համար Հայաստանն առանձնանում է որպես հուսալի գործընկեր է և հետզհետե ավելի կարևորվող ժողովրդավարություն: Ավելի լայն իմաստով, Հայաստանն այսօր ընկալում և ողջունում են՝ որպես դինամիկ ժողովրդավարություն, որը երկու իրար հաջորդող և իրականում ազատ ու արդար ընտրությունների արդյունքում ունի հազվագյուտ լեգիտիմություն: Դա միայն մեծացնում է Հայաստանի կառավարության գրավչությունն Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի համար: Դա նաև ցույց է տալիս, որ Հայաստանի ժողովրդավարական հիմքերն այժմ շատ ավելի ուժեղ են և կայուն, քան կարող է թվալ:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությանը, 2020 թվականի պատերազմը և ադրբեջանցիների վերջին հարձակումն ու ռազմական հաղթանակը ստեղծում են երկու վտանգավոր նախադեպ: Նախ՝ որպես ուժի կիրառման թվացյալ օրինականացում, երկրորդ` որպես ավտորիտար իշխանության հաղթանակ ժողովրդավարության նկատմամբ: Այդ համատեքստում դա նաև ընտանեկան, կոռումպացված բռնապետության հաղթանակն էր:

– ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարեց, որ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական գործողություններից հետո ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները չեն կարող մնալ անփոփոխ: Չեղարկվեցին բարձրաստիճան այցեր, դատապարտվեցին Բաքվի գործողությունները, և որոշում կայացվեց չեղարկել Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի ամենամյա չեղարկման նախագահական իրավասությունը: Ի՞նչ եք կարծում, որքա՞ն հեռու կգնա Վաշինգտոնը: Կսահմանի՞ ադյոք շոշափելի պատժամիջոցներ Ալիևի վարչակազմի նկատմամբ:

– Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն քիչ լծակներ ունի Ադրբեջանի հանդեպ, քանի որ Բաքուն ոչ միայն վայելում է Թուրքիայի աջակցությունը, այլև հասել է Ռուսաստանի մասնակցությանը և նույնիսկ համագործակցությանը: Այնուամենայնիվ, Վաշինգտոնն այժմ ավելի լուրջ է վերաբերվում իր ունեցած փոքր լծակների օգտագործմանը: Ադրբեջանի հարցում արդեն իսկ ակնհայտ ամերիկյան հիասթափությունը հուշում է, որ Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի հանդեպ, թեև պատժամիջոցները մնում են ԱՄՆ-ի վերջին ծայրահեղ քայլը:

– Ըստ Ձեզ, ինչու՞ է ԱՄՆ-ն այպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում պաշտպանում Հայաստանի դիրքորոշումը՝ չնայած իր դաշնակից Թուրքիայի ընդդիմանալուն:

– ԱՄՆ-ը չի պաշտպանել և երբեք չի աջակցել Ադրբեջանի «միջանցքի» առավելապաշտական պահանջը։ ԱՄՆ-ն, սակայն, աջակցում է «կապակցման» հայեցակարգը, նաև առևտրի և տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանը: Եվ սա նաև խթանում է ԵՄ և ԱՄՆ աջակցությունը հայկական դիրքորոշմանը:

– Պաշտոնական հայտարարության մեջ Վաշինգտոնը շեշտում է, որ չեզոք է վերաբերվում հայ-ադրբեջանական բանակցությունների վայրի ընտրությանը` լինի դա Մոսկվան, Բրյուսելը կամ Վաշինգտոնը: Ձեր կարծիքով՝ ԱՄՆ-ին իրո՞ք չի մտահոգում ռուսական միջնորդության հեռանկարը:

– Ամերիկյան տեսակետի համաձայն՝ Ուկրաինա ներխուժման տապալումը ցնցել և ընկճել է Ռուսաստանին: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական հաղթանակն արմատապես փոխել է աշխարհաքաղաքական լանդշաֆտը: Բայց Ադրբեջանին զսպելու կամ կանգնեցնելու՝ Ռուսաստանի անկարողությունն անակնկալ չէր: Ընդհակառակը, ադրբեջանական ուժի կիրառման առջև ռուսական թուլությունը համընկել է Ռուսաստանի դիրքի կայուն քայքայման և «ռուսական ռազմական հզորության առասպելի» դանդաղ վախճանի հետ:

Ավելի կոնկրետ՝ Ադրբեջանը սովորել է հաջողությամբ մարտահրավեր նետել Ռուսաստանին: Դա առավել ակնհայտ դարձրին ռուս խաղաղապահների խայտառակ նվաստացումը, Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությանը ու դիրքին մարտահրավեր նետելը, ինչպես նաև Ռուսաստանին Ադրբեջանի բացահայտ անհնազանդությունը։ Այդ տեսանկյունից Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի իննամսյա շրջափակումն ուղղված էր ոչ միայն Ղարաբաղի հայերի դեմ, այլև կոպտորեն անտեսում էր հրադադարը, որը Ռուսաստանը պարտավորվել էր պահպանել 2020 թվականի պատերազմի ավարտից հետո: Այս ֆոնին Ռուսաստանն այժմ գտնվում է թույլի, այլ ոչ թե ուժեղի դիրքում. ավելի շատ խոցելի է, քան ինքնավստահ:

Սա նորություն չէր նաև Հայաստանի համար, քանի որ վերջին մի քանի տարիները նշանավորվել են Ռուսաստանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ գոռոզամիտ արհամարհանքով: Փաստացի, Հայաստանի հանդեպ միակ հետևողական ռուսական քաղաքականությունը եղել է անուշադրությունը, չմիջամտելը, շեղելը, վճռական չլինելը:

– Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են, որ խաղաղության պայմանագրի 70 տոկոսը համաձայնեցված է: Միևնույն ժամանակ, շարունակում են միմյանց մեղադրել դրա ստորագրումը ձգձգելու համար ու համալրում են իրենց զինանոցները: Առաջիկայում, ըստ Ձեզ, նոր պատերա՞զմն է ավելի հավանական, թե՞ խաղաղության պայմանագրի ստորագրումը:

– Չնայած այն ամենին, ինչ տեղի է ունեցել, ակնկալիքներ կան, որ Հայաստանը և Ադրբեջանը կվերսկսեն դիվանագիտական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ: Այս ակնկալիքի հիմքում այն փաստն է, որ գործընթացը վաղուց ընթանում է Լեռնային Ղարաբաղից անջատ և առանձին: Իսկ խաղաղության պայմանագիրը երկկողմ միջպետական համաձայնագիր է, որը նույնպես անջատ է Ղարաբաղի հակամարտությունից:

Սակայն Հայաստանի հարավում առկա է էսկալացիայի և Ադրբեջանի ռազմական հարձակումների հերթական փուլի իրական վտանգ։ Սա մեծապես պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը ոգեշնչված է վերջին ռազմական հաղթանակով: Այդ երկրին քաջալերում են Թուրքիայի անվերապահ աջակցությունը, Իսրայելի խորամանկ օժանդակությունը և Ադրբեջանի վրա արևմտյան որևէ լծակի բացակայության Բաքվի ընկալումները:

Այդ ֆոնին, դեռևս չկան զսպող միջոցներ, Ադրբեջանը հիմա չունի կանգ առնելու իրական դրդապատճառներ: Ընդհակառակը, ակնհայտ վտանգ կա, որ Ադրբեջանը միայն կշարունակի ապավինել ռազմական ուժին, չի սահմանափակվի Լեռնային Ղարաբաղը զավթելով և կհարձակվի Հայաստանի վրա:

Աղբյուրը՝ 1lurer.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ