fbpx
Հասարակություն

Վաղաժամ ամուսնությունները մարդու իրավունքների խախտում են, որոնք պետք է կանխարգելել․ Մուրազ Շամոյան

Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացաուցիչներից ամենամեծը եզդիական համայնքն է:

Եզդիներն այսօր էլ հետևում են իրենց մշակույթին ու սովորույթներին, որոնցից մեկն է վաղամուսնությունը: Եզդի աղջիկների վաղաժամ ամուսնության կանխարգելմանն ուղղված գործունեություն է իրականացնում «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը:

Վաղամուսնության կանխարգելման և դրա հետևանքների մասին զրուցել ենք «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մուրազ Շամոյանի հետ:

– Պարոն Շամոյան, «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը» ի՞նչ ծրագրեր և միջոցառումներ է իրականացնում, որոնք կանխարգելում են եզդի աղջիկների վաղաժամ ամուսնությունները:

– «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ն այժմ մասշտաբային ծրագիր է իրականացնում, համակարգային մոտեցում ցուցաբերելով, որի նպատակն է ռազմավարական այնպիսի փաստաթուղթ մշակել, որն ուղղված կլինի վաղաժամ ամուսնությունների կանխարգելմանը: Դրա շնորհիվ 4-5 տարի հետո մենք հնարավորություն կունենանք ինչ-որ գնահատական տալ և նվազեցնել վաղ ամուսնությունների դեպքերը: Պարզ է, որ նման ամուսնությունների խնդիրը հնարավոր չէ լուծել մեկ-երկու քայլով:

Մենք հասկանում ենք, որ խնդիրը ենթադրում է աշխատանք համայնքի երիտասարդների հետ, միաժամանակ, այստեղ նաև պետության կարևոր ու կանխարգելիչ ֆունկցիան կա, ինչը որոշակի դեպքերում փակուղի է մտնում: Պատճառն այն է, որ մինչ օրս էլ կա կարծրատիպ, թե վաղաժամ ամուսնությունները եզդիների ավանդույթն է, այսինքն` այս մոտեցումը պետական մարմիններին կարող է փակուղի մտցնել, և այն հնարավորություն չի տալիս խնդիրը դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից:

– Պարոն Շամոյան, այս առումով հետաքրքիր է` արդյո ՞ք պետության կողմից աջակցություն կա, թե դուք ձեր ջանքերով եք ծրագրերն իրականացնում, և եթե աջակցություն կա, պետական մարմինների աջակցությունը բավարա՞ր է ցանկալի արդյունքի հասնելու համար:

– Ներկա փուլում կա համագործակցության ձևաչափ, և այժմ համագործակցում ենք Նիդերլանդների դեսպանատան և որոշում կայացնող պետական մարմինների հետ «Վաղաժամ ամուսնությունների կանխարգելումը եզդիական համայնքերում» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն է եզդիական համայնքներում վաղամուսնությունների կանխարեգլմանը հասնելը: Նշեմ նաև, որ այժմ ռազմավարական փաստաթղթի կազման փուլում ենք գտնվում, ինչպես նաև կազմում ենք ճանապարհային քարտեզ: Աշխատանքի ավարտին ունենալու ենք փաստաթուղթ որպես ռազմավարություն` համաձայնեցված պետական գերատեսչությունների հետ: Մինչ ռազմավարական փաստաթղթի ընդունումը 4 աշխատանքային հանդիպում-քննարկումներ ենք ունեցել որոշում կայացնող պետական մարմինների հետ: Քննարկումներին մասնակցել են թվով 4 մարզպետարանների ներկայացուցիչներ այն մարզերից, որտեղ եզդիական համայքնի ներկայացուցիչները մեծ թիվ են կազմում, դրանք են` Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզպետարանները:

Հանդիպումներին ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ, Առողջապահության, և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ինչպես նաև ոստիկանության և ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ: Այս բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներրի հետ մենք աշխատաժողովներ ենք անցկացրել, և յուրաքանչյուր գերատեսչություն խնդրին առնչվելու իր պրակտիկան է ներկայացրել: Կարևոր է նշել, որ քննարկել ենք, թե ինչ է ասում օրենքը, և ինչ է ասում պրակտիկան, այսինքն` վեր են հանվել այս խնդրին առնչվող բացթողումները: Քննարկումների արդյունքում հիմա արդեն փորձագիտական թիմը ռազմավարական փաստաթղթի մշակման ավարտական փուլում է: Այս առումով ուզում եմ ընդգծել, որ շատ լավ է, որ գործընթացը պետական մարմինների հետ համագործակցության վրա է հիմնված, և նրանք էլ ներդրում ունեն: Սա, ըստ էության, ելակետային փաստաթուղթ կդառնա մեզ համար` թե մեր համայնքի, թե համայքի խնդիրներով զբաղվող կառույցների համար, ինչպես նաև պետական գերատեսչությունների համար: Այդ փաստաթղթով պլանավորում ենք ռազմավարական գործողություններ իրականացնել, որոնք եթե ոչ ամբողջովին, բայց կնվազեցնեն վաղ ամուսնությունների թիվը:

– Հետաքրքիր է` մինչ այս փաստաթղթի մշակումը եզդիական համայնքներ ձեր այցերը ի՞ նչ հաճախականությամբ եք կատարել, և ինչպիսի՞ դրական միտումներ կան ձեր այցերի ու աշխատանքի արդյունքում:

– Մեր կազմակերպության գլխավոր գործառույթը իրավապաշտպանությունն է, ու մեր աշխատանքի այս կամ այն բաղադրիչները դրական են անդրադառնում այս խնդիրների վերհամանը: Ես կարող եմ նշել աշխատանքը երիտասարդների հետ և աշխատանքը մեդիայում: Այս առումով կարևոր է նշել մեր մեդիայի գործունեությունը: Մեր գլխավոր նախագծերից է Xirat Media-ն, որը մեդիա է Հայաստանի ազգային փոքրամասնությունների մասին: Xirat Media-ի միջոցով ներկայացնում ենք հատկապես եզդիական կյանքն ու մշակույթը, խոսում ենք մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների միջազգային իրավունքների մասին: Պատրաստում և տարածում ենք ուսուցողական-տեղեկատվական տեսահոլովակներ, մեդիայի միջոցով եզդի երիտասարդներին հարթակ ենք տալիս, որ խոսեն իրենց խնդիրների մասին: Ծրագրի շրջանակում եզդի աղջիկները բարձրաձայնում են վաղ ամուսնության խնդրի մասին: Մասնավորապես` այդ ծրագրի շրջանակներում ուենացանք շարք, որտեղ եզդի աղջիիկները հենց իրենք էին խոսում վաղամուսնությունների խնդրի մասին և բարձրաձայնում էին, որ վաղամուսնությունը ավանդույթ չէ:

– Իսկ նախագծեր իրականացնո՞ւմ եք, որոնց շնորհիվ աղջիկներն իմանան իրենց իրավուքնների մասին:

– Այո, աղջիկներին սովորեցնում ենք իրենց իրավուքները, նաև աշխատում ենք ծնողների հետ, այսինքն` համայնքի հետ աշխատանք մշտապես տարվում է: Ես կարող եմ հիշատակել Ջրառատ եզդիաբնակ համայնքը, որտեղ մենք եզդի երիտասարդների համար «Մարդու իրավունքները» թեմայով եզդի երիտասարդների ակումբ էինք նախաձեռնել: Այդ ընթացքում եզդի երիտասարդների հետ մենք անցնակցնում էին դասընթացներ` մարդու իրավունքների և մասնավորապես` ազգային փոքրամասնությունների իրավունքների թեմայով, խոսում էինք կրթության կարևորության մասին, ինչպես նաև վաղաժամ ամուսնությունների բացասական հետևանքների մասին: Այսինքն` այս աշխատանքը անընդհատ է եղել, որպեսզի ձևավորված կարծրատիպերը փոխվեն: Պետք է հստակ գիտակցել, որ դա իրականում եզդիական ավանդույթ չէ, այլ մարդու իրավունքների խախտում է:

– Եղե ՞լ է, որ աղջիկները ձեզ դիմեն վաղ ամուսնության կամ կրթության իրավունքի խախտման դեպքերով և օգնություն խնդրեն:

– Ես հիմա հատուկենտ դեպքեր կարող եմ հիշատակել: Իրականում եզդիական համայնքը շատ փակ է և ներփակված է իր մեջ: Շատ քիչ աղջիկներ կան, որ եթե անգամ ծնողների հետ անհամաձայնություններ ունեն կամ դեմ են այս ավանդույթներին, կարող են համարձակություն ունենալ և բարձրաձայնել այս խնդիրների մասին, առավել ևս դիմեն մեզ ու պատմեն իրենց խնդիրների մասին: Բայց կան նաև աղջիկներ, ովքեր որ դիմել են, բայց այդ տեղեկությունները մենք չենք շրջանառել: Կա կոնկրետ դեպք, երբ աղջիկը մեզ դիմել էր նշելով, որ իրեն առևանգել են, և նա սեռական բռնության զոհ է դարձել: Մենք դիմեցիք մասնագիտացված կառույցի, որի շնորհիվ աղջիկը նաև հոգեբանական աջակցություն ստացավ: Օրինակ կարող եմ բերել նաև մի դեպք, երբ եզդի մի աղջիկ մի քանի ամիս մեզ մոտ կամավոր գործունեություն իրականացրեց, և ինքը հասավ իր նպատակին, ու այժմ սովորում է ԵՊՀ-ում: Այս առումով մենք ամեն կերպ փորձում ենք օժանդակել մեր երիտասարդներին:

– Պարոն Շամոյան, ցավոք սրտի, փաստ է, որ վաղ ամուսնությունները այսօր էլ մեծ թիվ են կազմում, բայց ունե ՞ք վիճակագրություն ըստ որի պարզ կդառնա, թե տարեկան քանի աղջիկ է վաղ ամուսնության զոհ դառնում, և դեպքերը նվազել են թե՞ աճել:

– Ցավոք սրտի, թարմացվող ստատիստիկ տվյալներ չկան, սակայն այս խնդիրը ևս դիտարկվել է ռազմավարական փաստաթղթի ստեղծման ընթացքում: Մշակած փաստաթղթով քայլեր կձեռնարվեն նաև այս ուղղությամբ, որպեսզի արդեն հստակ տվյալներ կազմվեն: Այն որ խնդիրը կա, ու պարբերաբար վաղ ամուսնության դեպքեր են արձանագրվում, դա ակնհայտ է, բայց վիճակագրություն չկա: Ինչպես նաև չկա հստակ նշված, թե որ պետական մարմինն է սրա համար պատասխանատու: Նշեմ, որ եղել են 1-2 զեկույցներ կարծեմ «Սինջար եզդիների ազգային միավորումն» էր մի քանի տարի առաջ Արմավիրի մարզի գյուղերում այդպիսի աշխատանք արել, և հավաքել էին տվյալներ կրթությունից զրկված աղջիկների մասին, բայց թե քանիսն էին վաղ ամուսնության պատճառով զրվել կրթություն ստանալու իրավունքից առանձնացված չէր:

– Պարո Շամոյան, շնորհակալ եմ զրուցի համար, ձեզ մաղթում եմ հաջողություն:

– Ես նույնպես շնորհակալ եմ, ուզում եմ նորից ընդգծել, որ մենք մեր ուժերի ներածին չափով պատրաստ ենք աջակցել եզդի երիտասարդներին:

Հեղինակ՝ Շողիկ Կակոյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ