Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն հայտնել է Ազգային գվարդիայի շարքերից ավելի քան 100 դասալիքի մասին, որոնց 20 հազարական դոլար է խոստացվել դավաճանության համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նախարարի խոսքով՝ ավելի քան 100 գվարդիականներ հատել են սահմանը խոստացված 20 հազար դոլարի հույսով։ Պադրինոն խոստումները սուտ է անվանել և նշել, որ այդ գվարդիականների բացակայությունը չի ազդում Վենեսուելայի զինված ուժերի մարտունակության վրա։
«Այն կողմ անցածները խաբված երիտասարդներ են։ Մեզ համար դա աղետ չէ, մեզ համար նրանք երբեք էլ զինվոր չեն եղել։ Զինվորը չի կարող վարձկան դառնալ»,- հավելել է նա։
ՄԱԿ-ում Վենեսուելայի դեսպան Սամյուել Մոնկադան ավելի վաղ աբսուրդային էր անվանել դասալքությանն առնչվող թվերը։
Կոլումբիայի միգրացիոն ծառայության տնօրենն իր հերթին հայտնել է, որ Վենեսուելայի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներից Կոլումբիայի հետ սահմանը հատած անձանց թիվն անցնում է 320-ից։