fbpx
Աշխարհ

Վենեսուելա զորք ուղարկելը նույնպես տարբերակ է․ Թրամփ

Վենեսուելա զորք ուղարկելը նույնպես տարբերակ է: Այդ երկրում ստեղծված ճգնաժամի լուծումները քննարկելիս այսօրվա հարցազրույցում այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա նաև հայտնել է, որ մինչ այս Նիկոլաս Մադուրոն, որին Միացյալ Նահանգներն այլևս չի ճանաչում որպես Վենեսուելայի նախագահ, դիմել է Թրամփի հետ հանդիպում ունենալու համար, սակայն ամերիկյան վարչակազմը մերժել է այդ հայտը: Այս մասին հայտնում է ամերիկյան մամուլը:

Թրամփը հիշեցրել է, որ Վենեսուելան այդ տարածաշրջանի ամենահարուստ երկիրն էր, իսկ հիմա ճգնաժամը կուլ է տվել նրան:

Թրամփը խոսել է նաև այլ «կնճռոտ» տարածաշրջանների մասին: Մասնավորապես նա հայտարարել է, որ ուզում է Իրաքում պահել ամերիկյան զորք՝ Իրանը «աչքի տակ» պահելու համար:

Ինչ վերաբերում է Վենեսուելային, ապա այնտեղ այժմ հաստատված է երկիշխանություն՝ մի մասը նախագահ է համարում Նիկոլաս Մադուրոյին, որն ընտրվել է որպես նախագահ ու շարունակում է պաշտոնավարել, իսկ նախագահի պաշտոնը նրա հետ վիճարկում է խորհրդարանի ընտրված նախագահ Խուան Գուայդոն, որն իրեն հռչակել է երկրի նախագահի պաշտոնակատար և որին աջակցում է հանրության զգալի հատվածը:

Խնդիրը ավելի է խորացել, երբ տարբեր պետություններ սկսել են կա՛մ Մադուրոյին, կա՛մ Գուայդոյին ճանաչել որպես այդ երկրի ղեկավար: Միացյալ Նահանգները մեկն է այն պետություններից, որ որպես Վենեսուելայի նախագահ (պաշտոնակատար) ճանաչում է Գուայդոյին։ Ռուսաստանը և փոքրաթիվ այլ երկրներ նախկինի պես որպես Վենեսուելայի նախագահ ընդունում են Մադուրոյին։

Հայաստանն առայժմ պաշտոնական տեսակետ չի հայտնել այս կապակցությամբ։

Ռուսական լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը հետևում է իրադարձությունների զարգացմանը, նմանություն չի տեսնում Հայաստանում իրականացված խաղաղ գործընթացների հետ ու առայժմ հարկ չի համարում գնահատական տալ այդ ամենին։

Գրում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ